1 դեկտեմբերի 2025 – 17:59 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ կառավարությունը հաստատել է մի շարք փոփոխություններ երեխայի ծննդով պայմանավորված պետական նպաստների տրամադրման մեխանիզմում, որոնք ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունվարի 1-ից։
Հունվարի 1-ից ընտանիքները հնարավորություն ունեն անկանխիկ գործարքներ կատարելու միջոցով մինչև 20 տոկոս հետվճարի չափով ավելացնել իրենց կենսաթոշակի կամ նպաստի չափը։ Օրինակ՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար տրամադրվող 50,000 դրամից անկանխիկ գործարքների դեպքում ընտանիքը կարող է ստանալ մինչև 20 տոկոս հետվճար՝ նպաստի չափը դարձնելով 60,000 դրամ։ Այդ մասին ասուլիսում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը։
Նա հայտնել է, որ երրորդ և հաջորդ երեխաների համար տրամադրվող ամսական 50,000 դրամ նպաստը կդառնա մշտապես գործող պետական աջակցության միջոց, հայտնում է Արմենպրեսը։
«Այս աջակցությունը կար, սակայն իրականացվում էր որպես փորձնական ծրագիր։ Այն իրականացվեց 4 տարի՝ սկսած 2022 թվականից։ Վերլուծությունը ցույց տվեց, որ այս միջոցառումը դրական ազդեցություն ունի ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար։ Որոշվեց փոխել դրամական աջակցության կարգավիճակը և դարձնել մշտապես գործող պետական նպաստ», – նշել է Անահիտ Գալստյանը։
Այս նպաստը հասանելի կլինի միայն այն դեպքում, եթե երեխայի դիմող ծնողը ՀՀ քաղաքացի է։
Երկրորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է երեխայի ծննդյան միանվագ նպաստին։ Մինչ այժմ այն տրվում էր տարբեր չափով՝ կախված երեխայի կարգաթվից։ Գործող կարգով առաջին և երկրորդ երեխաների դեպքում տրամադրվում էր 300,000 դրամ, երրորդ և չորրորդի դեպքում՝ 1 մլն դրամ, հինգերորդ և հաջորդների համար՝ 1․5 մլն դրամ։
«Հիմա նոր կարգավորումներով, անկախ երեխայի կարգաթվից, ծննդյան միանվագ նպաստի չափը կսահմանվի 500,000 դրամ։ Պետք է համալիր միջոցառումներ ձեռնարկել ընդհանուր ծնելիությունը խրախուսելու համար։ Այսինքն՝ ծրագիրը պետք է ուղղված լինի առաջին և երկրորդ երեխաների ծնունդների խրախուսմանը», – նշել է Գալստյանը։