Շինույլտվություն չի տրամադրվել, քաղաքացին դիմել է դատարան

2025 թվականի օգոստոսի 22֊ին դատական հայց է ներկայացվել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի։ Հայցվորը դատարանից պահանջում է պարտավորեցնել պատասխանող կողմին՝ համապատասխան շինույլտվություն տրամադրել։ Գործը նույն օրը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Վարազդատ Մերուժանի Միքաելյանին։ Iravaban.net֊ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

Ներահացված պահանջը

Երևան, Աջափնյակ, Նորաշեն թաղամասի թիվ 47/9 հասցեում բազմահարկ հասարակական նշանակության շինության կառուցմանն շինարարության թույլտվություն տրամադրելուն պարտավորեցնելու, թիվ 50/100827-25 մերժոււմն անվավեր ճանաչելու պ/մ

Գործի դատական ժամանակագրությունը

Ներկայացված դիմումը սեպտեմբերի 1 ֊ին վերադարձվել է։ Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ Դատարանը եզրահանգում է, որ այն ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ՝

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները (…)։

Օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է:

Օրենսգրքի 67-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը։ Պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:

Վերը նշվածից ակնհայտ է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար հիմք է հանդիսանում բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից մերժելու փաստի առկայությունը, այսինքն՝ պարտավորեցման հայցով դատարան դիմելու հայցվորի իրավունքը կարող է ծագել և վերջինս կարող է Օրենսգրքի 3-րդ հոդվածի իմաստով դատարան դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտ հանդիսանալ, եթե նա բարենպաստ վարչական ակտ ընդունելու խնդրանքով դիմել է վարչական մարմնին ու ստացել է մերժում։ Այլ կերպ ասած՝ պարտավորեցման հայցի շրջանակներում դատական պաշտպանություն հայցելու նախապայմանը վարչական մարմնի կողմից դիմումատու անձի կողմից հայցված իրավունքի տրամադրումը մերժող կամ դիմումատու անձի իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայմանի ստեղծումը մերժող վարչական ակտի առկայությունն է:

Քաղաքացու կողմից սեպտեմբերի 30֊ին հայցադիմումը կրկին ներկայացվել է վարչական դատարան։

Վարույթի ընդունումը

Հոկտեմբերի 8֊ին դատարանը որոշել է հայցադիմումն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ պատասխանողին Երևան, Աջափնյակ, Նորաշեն թաղամասի թիվ 47/9 հասցեում բազմահարկ հասարակական նշանակության շինության կառուցման շինարարության թույլտվություն տրամադրելուն պարտավորեցնելու՝ անվավեր ճանաչելով Երևանի քաղաքապետարանի  մերժումը, պահանջի մասին, ընդունել վարույթ և նախնական դատական նիստ հրավիրել։

2. Երևանի քաղաքապետարանից պահանջել որպես ապացույց ՀՀ վարչական դատարան ներկայացնել գրության կայացման համար հիմք հանդիսացած ամբողջ նյութերը՝ երկու շաբաթվա ընթացքում՝ սույն որոշումը ստանալուց հետո:

Այսպիսով, գործով առաջին նախնական դատական նիստը կկայանա 2026 թվականի փետրվարի 17֊ին, ժամը 11:30-ին՝ ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում։

Leave a Comment