Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում մոտ 200 միլիոն դրամի չարաշահումներ. ովքե՞ր են մեղադրյալի կարգավիճակ ստացած 2 պաշտոնյաները

Ինչպես Iravaban.net-ը ավելի վաղ տեղեկացրել էր, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում բացահայտվել են խոշոր չարաշահումներ։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին  Iravaban.net-ին, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի երկու պաշտոնյաների մեղադրանքներ են ներկայացվել իշխանական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության համար։

Iravaban.net-ի ճշտված տեղեկությունների համաձայն մեղադրյալներից մեկը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար Լևոն Ֆարմանյանն է, իսկ մյուսը՝ Կոմիտեի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժնի պետ՝ գլխավոր հաշվապահ Տիգրան Գալստյանը։ Չարաշահումների ընդհանուր չափը կազմում է մոտ 200 միլիոն դրամ։ Երկու պաշտոնյաների նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ կիրառվել են գրավը, բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։

Iravaban.net-ը ներկայացնում է մեղադրյալի կարգավիճակում գտնվող պաշտոնյանների հակիրճ կենսագրությունները.

Լևոն Ֆարմանյան 

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար։

Ծննդյան տարեթիվը՝ 1980 թվականի նոյեմբերի 22, Երևան։

1997-2003 թվականներին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ միջազգային հարաբերությունների մագիստրոսի որակավորմամբ։

2003-2009 թվականներին սովորել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում։

2021 թվականի սեպտեմբերի 17-ից զբաղեցնում է Կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնը։

2019-2021 թվականներին, աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչության Եվրասիական տնտեսական միության և ԵՏՄ անդամ-պետությունների հետ համագործակցության բաժնի պետի պաշտոնում։

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Տիգրան Գալստյան 

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժնի պետ՝ գլխավոր հաշվապահ

Ծննդյան տարեթիվը՝ 1973 թվականի հոկտեմբերի 14, Երևան։

1990-1995 թվականներին ավարտել է Երևանի տնտեսության ինստիտուտը՝ հաշվապահական հաշվառում և տնտեսական գործունեության վերլուծություն մասնագիտությամբ։

Ունի ՀՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան։

2023 թվականից առ այսօր աշխատել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր հաշվապահի պաշտոնում։

2008-2023 թվականներին՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժնի պետ։

Ամուսնացած է, ունի չորս երեխա։

Քրեական վարույթի ընթացքը

Գործը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում և գտնվում է նախաքննության փուլում։ Հակակոռուպցիոն կոմիտեն դեռևս չի հայտնել գործի վերաբերյալ այլ մանրամասներ, այդ թվում՝ չարաշահումների կոնկրետ հոդվածները, ժամանակահատվածը և մեխանիզմները, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։






Կարդացեք նաև՝

Leave a Comment