2 օր առաջ՝ Եկեղեցու դեմ արշավի շրջանակում, Հայաստանի 16-րդ վարչապետը հայտարարեց, որ պատարագի է մասնակցելու Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում․ Facebook-ի իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Լրատվականների տվյալներով՝ պետական ապարատը մարդկանց է հավաքագրում վարչապետի քաղաքական ակցիային մասնակցելու համար։
Ինձ համար մի անձնական հարց է առաջացել այս հայտարարության արդյունքում։
Վերջին 15 տարում ամեն կիրակի պատարագի եմ մասնակցել սբ Սարգիս եկեղեցում, և դա ինձ թույլ է տվել չտրվել ունևոր ընտանիքների շատ զավակներին հատուկ թուլություններին։
Այս 15 տարվա մեջ ես գեթ մեկ անգամ չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին պատարագին մասնակցելուց, չնայած նրա գրասենյակը («Հայկական Ժամանակ» թերթի) ընդամենը 50 մետր հեռավորության վրա է եկեղեցուց։
Հարցը հետևյալն է՝ գնա՞լ պատարագի ինչպես ամեն շաբաթ քո սիրած եկեղեցում, որտեղ կլինեն քո հայրենիքի համար աղետաբեր մարդիկ և մի թույլ սրբազան, թե՞ չգնալ։
Պատասխանը գտա, գնալ։
Այս եկեղեցին իմ հոգևոր առողջարանն է, և քաղաքական տուրիստների պատճառով ես չպետք է հրաժարվեմ այնտեղից։ Իհարկե, դժվար կլինի կենտրոնանալ և հաղորդվել պատարագի խորհրդին, քանի որ այնտեղ կլինի մի մարդ, ով պատասխանատու է վերջին տարիների Հայաստանը պատած ողբի համար, բայց կփորձեմ»,- նշել է Կարապետյանը։