Երմակի տանը խուզարկություններից հետո որևէ մեկի մեղադրանք չի առաջադրվել․ ուկրաինական ԶԼՄ-ներ 

Քաղաքականություն

28.11.2025 | 17:22

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի տանը խուզարկություններից հետո NABU-ի հետաքննիչները և SAPO-ի դատախազները որևէ անձի մեղադրանք չեն առաջադրել: Այս մասին հաղորդում են «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն և «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում անելով կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների աղբյուրներին, գրում է The Insider-ը։

Աղբյուրների համաձայն՝ քննչական գործողությունները կատարվել են Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանի քննչական դատավորի որոշման հիման վրա: Քննչական գործողությունները շարունակվում են, մանրամասները պաշտոնապես չեն հրապարակվում։

Նոյեմբերի 28-ի առավոտյան Ուկրաինայի կոռուպցիայի դեմ պայքարի մարմինները խուզարկություններ են անցկացրել Անդրեյ Երմակի տանը: Ուկրաինայի ազգային կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն (NABU) և կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունը (SAP) հաստատել են, որ իրականացրել են լիազորված քննչական գործողություններ և հայտարարել, որ աշխատում են հետաքննության շրջանակում:

Ինքը՝ Երմակը, հայտարարել է, որ լիարժեք մուտքի իրավունք է տվել իր բնակարան և համագործակցում է հետաքննության հետ:

Խուզարկությունները տեղի են ունենում «Միդասի» գործի ընդլայնվող հետաքննության ֆոնին: Նոյեմբերի 25-ին NABU-ի ղեկավար Սեմյոն Կրիվոնոսը հայտարարել էր, որ կարծում է՝ գործով նոր մեղադրյալներ կբացահայտվեն, քանի որ քննիչները վերլուծում են հազարավոր ժամերի ձայնագրություններ: Financial Times-ի Կիևի թղթակից Քրիստոֆեր Միլլերը նույնպես հայտնել է, որ Երմակի տանը խուզարկությունը կապված է այս գործի հետ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment