2025 թվականի հունվարի 7-ին գործ է ստացվել Երևանի քրեական դատարան՝ սպանության հատկանիշներով։ Գործը նույն օրը մակագրվել է Արմինե Մելիքսեթյանին։ Դատարանը հունվարի 10-ին վարույթը ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին որոշում է կայացվել։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Գ․ Գ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2024 թվականի օգոստոսի 15-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, իր մերձավոր ազգական մորը՝ 1959 թվականի ապրիլի 02-ին ծնված Գ․ Կ․-ին ապօրինի կյանքից զրկելու նպատակով, գնացել է վերջինիս բնակության վայր, որտեղ սուր կտրող-ծակող գործիքի՝ դանակի գործադրմամբ, առանձին դաժանությամբ, բազմաթիվ հարվածներ է հասցրել մարմնի տարբեր հատվածներին, կտրել է վերջինիս պարանոցը՝ ապօրինաբար զրկելով կյանքից:
Խափանման միջոցի հարցի քննարկում
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Նախնական դատալսումների ժամանակ, հունվարի 21-ին հանրային մեղադրողը միջնորդել է երկարաձգել կալանքի ժամկետը, հաշվի առնելով այն, որ խափանման միջոցի հիմքեր շարունակվում են պահպանվել, այն է՝ առկա է փախուստի դիմելու և ապացուցման գործընթացին միջամտելու ռիսկ՝ հաշվի առնելով այն, որ անձը դեպքի վայրից դիմել է փախուստի և հնարավոր է եղել հայտնաբերել ոստիակնության ուժերով, ինչպես նաև հարցաքննվող անձինք ծանոթ են մեղադրյալին, բնակվում են հարևանությամբ, նաև ազգակցական կապեր են առկա: Իսկ առողջական խնդիրները չեն կարող բավարար համարվել այլընտրանքային խափանման միջոց կիրառելու համար, քանզի նախաքննության ընթացքում նշանակվել է փորձաքննություն, որի արդյունքում կայացված եզրակացությամբ փաստվել է, որ մեղադրյալը մեղսունակ է, ավելին՝ կարող է մասնակցել վարութային գործողություններին:
Պաշտպանը նշել է, որ իր վստահորդն ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրեր, 3 անգամ ստացել է համապատասխան բուժում, շուրջ 5 ամիս է գտնվում է անազատության մեջ, գտնում է, որ հետայսու բացառիկ խափանման միջոցը պահպանելը կլինի խիստ: Միջնորդել է կիրառել վարչական հսկողություն կամ տնային կալանք: Մեղադրյալըը նշել է, որ ցանկանում է գտնվել ծնողի կողքին:
Քննարկելով, Դատարանը որոշել է պաշտպանի միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը վերացնելու և այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու վերաբերյալ, մերժել:
Նույն որոշումը կայացվել է նաև ապրիլի 23-ին և հունիսի 26-ին կայացած դատական նիստերում։
Գործի ներկա կարգավիճակը
Ամբաստանյալ համարվող Գ․ Գ․-ն գտնվում է կալանքի տակ։ Գործով կայացել է 8 դատական նիստ ևս 4-ը հետաձգվել են տարբեր պատճառներով։ Գործով նախնական դատալսումները շարունակվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: