Ռուս օգտատերերը բողոքում են WhatsApp-ի խափանումներից

Ռուսաստանի օգտատերերը նոյեմբերի 28-ի առավոտյան բողոքել են WhatsApp-ի հաղորդագրությունների հետ կապված խնդիրներից։ Այս մասին են վկայում Sboy.rf և Downdetector կայքերի տվյալները, գրում է Meduza-ն։

Sboy.rf-ի տվյալներով՝ գիշերը և այսօր առավոտյան մեսենջերի աշխատանքի հետ կապված ստացվել է հազարից ավելի բողոք։ Բողոքների 39 տոկոսը ստացվել է Մոսկվայի օգտատերերից, ևս 17%-ը՝ Սանկտ Պետերբուրգից։ Օգտատերերը հայտնում են, որ հաղորդագրություններ չեն ուղարկվում, իսկ լուսանկարների ու տեսանյութերի բեռնման համար երկար ժամանակ է պահանջվում։

Հոկտեմբերի վերջին Ռոսկոմնադզորը, բացատրելով Ռուսաստանի հարավում WhatsApp և Telegram ծառայությունների խափանումները, հայտարարել էր, որ միջոցներ է ձեռնարկում «հանցագործների դեմ պայքարելու նպատակով արտասահմանյան հաղորդագրությունների հավելվածների գործունեությունը մասնակիորեն սահմանափակելու» համար։ Գերատեսչությունը հայտարարել է, որ Telegram-ը և WhatsApp-ը դարձել են խաբեության և փող շորթելու, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիներին դիվերսիաների և ահաբեկչական գործողությունների մեջ ներգրավելու համար օգտագործվող հիմնական ծառայությունները, մինչդեռ հակազդեցության միջոցներ ձեռնարկելու պահանջներն անտեսվել են։

2025 թվականի օգոստոսին Ռոսկոմնադզորը հայտարարել էր WhatsApp-ում և Telegram-ում զանգերի արգելափակման մասին։

Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության հարցերով հանձնաժողովի անդամ Անտոն Նեմկինը նոյեմբերին գրել էր, որ WhatsApp-ի արգելափակումը Ռուսաստանում «ժամանակի հարց է»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment