Հռոմի պապ Լեո 14-ը՝ իբրև առաջին արտասահմանյան այցի երկիր, ընտրել է Թուրքիան, որտեղ պաշտոնական այցով է նոյեմբերի 27-ից 30-ը։ Հռոմի պապի կարգավիճակը հուշում է, որ պապերի ցանկացած այց արտերկիր կրում է երկու բաղադրիչ․ քաղաքական՝ որպես Վատիկան պետության ղեկավարի և հոգևոր՝ իբրև Կաթոլիկ աշխարհի հովվապետի։ Թուրքիայում Հռոմի պապի այցը դիտարկում են աշխարհում Թուրքիայի ռազմավարական դերի կարևորության համատեքստում, իսկ թերթերը հաղորդում են, թե Հռոմի պապը Անկարային համաշխարհային գործընթացներում միջնորդի դեր է վերապահել։ Հռոմի պապի այցի բուն նպատակը ուխտագնացությունն է Իզնիկ քաղաք, որը հնում հայտնի էր Նիկեա անունով։ Այս տարի լրանում է 325 թ․Նիկեայի Տիեզերական ժողովի 1700-ամյակը՝ հիշարժան իրադարձություն ամբողջ քրիստոնյա աշխարհի համար։ […]