Խուզարկություններ և հակակոռուպցիոն սկանդալ Զելենսկու մտերիմ շրջապատում՝ զուգորդված նվազող վարկանիշով և Թրամփի «պարտադրած խաղաղությամբ»

Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հաստատել է այսօր վաղ առավոտից իր տանն անցկացվող խուզարկությունների մասին լուրը։

«Քննիչները որևէ խոչընդոտի չեն հանդիպում: Նրանց տրվել է բնակարան մուտք գործելու լիարժեք հնարավորություն, և իմ փաստաբանները տեղում են՝ համակարգելով գործողություններն իրավապահ մարմինների հետ: Իմ կողմից՝ լիարժեք աջակցություն»,- Telegram-ում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը։

Ավելի վաղ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն հաստատել էր, որ խուզարկություն է անցկացվում Երմակի տանը՝ նշելով, որ քննչական գործողությունները կատարվում են հետաքննության շրջանակում։

Կոռուպցիոն սկանդալ Զելենսկու մտերիմ շրջապատում

Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալը բռնկվել է նոյեմբերի 10-ին, երբ Ազգային հակակոռուպցիոն բյուրոն և Հակակոռուպցիոն դատախազությունը մի շարք խուզարկություններ են անցկացրել «Միդաս» գործողության շրջանակում։

Քննչական գործողություններ են իրականացվել գործարար Մինդիչի, մի քանի նախկին և ներկա նախարարների տներում և «Էներգոատոմ»-ում։

Քննիչները կարծում են, որ Մինդիչը պաշտոնյաների և հայտնի գործարարների մասնակցությամբ փողերի յուրացման սխեմայի համակարգողն էր։

Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի տնօրեն Սեմյոն Կրիվոնոսը նոյեմբերի 25-ին վստահություն էր հայտնել, որ էներգետիկայի ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ «Միդաս» գործը կընդլայնվի քննության ընթացքում, և նոր կասկածներ կառաջանան։

Գործարար Թիմուր Մինդիչի և արդարադատության նախարար Գերման Գալուշչենկոյի տներում խուզարկություններն անցկացվել էին նոյեմբերի 10-ին։ Նույն օրն Ուկրաինայի ազգային կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն հայտարարել էր, որ բացահայտել է էներգետիկայի ոլորտում միջոցների հափշտակման լայնածավալ կոռուպցիոն սխեմա, և հրապարակել գործով մեղադրյալների միջև զրույցների ձայնագրությունները, որոնցում քննարկում են փողերի լվացման սխեմաները։

Նոյեմբերի 11-ին լրագրողները բացահայտել են «Էներգոատոմ»-ում զանգվածային կոռուպցիայի հետաքննության մեջ ներգրավված բոլոր անձանց անունները։ Կասկածյալներից հինգը կալանավորվել են։ Երկուսը՝ Մինդիչը և Ցուկերմանը, լքել են Ուկրաինան։

Զելենսկին ուժի մեջ մտցրեց Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը՝ պատժամիջոցներ սահմանելու «Կվարտալ-95» ստուդիայի համասեփականատեր Մինդիչի և նրա գործընկերոջ, ինչպես նաև գործարար Ալեքսանդր Ցուկերմանի նկատմամբ։

Նոյեմբերի 19-ին Գերագույն ռադան հաստատեց էներգետիկայի ոլորտում կոռուպցիոն գործով մեղադրվող Գերման Գալուշչենկոյին Ուկրաինայի արդարադատության նախարարի պաշտոնից ազատելու մասին որոշումը։ Պաշտոնյան ինքը նախկինում հայտարարել էր, որ «չի կառչում պաշտոնից», բայց միևնույն ժամանակ մտադիր է «իրավաբանորեն պաշտպանվել և ապացուցել իր դիրքորոշումը»։

Զուգահեռաբար՝ Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը, հղում անելով փակ, գաղտնի սոցիոլոգիական հարցումների, հայտարարեց, որ Զելենսկու վարկանիշը մեկ շաբաթում նվազել է մոտ 40%-ով և այժմ 20%-ից ցածր է՝ իր «դրամապանակը» համարվող Մինդիչի հետ կապված կոռուպցիոն սկանդալից հետո։

Ձերբակալությունների պատերազմյան ետնաբեմը

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան համաձայնել է ամերիկյան կողմի առաջարկած խաղաղության ծրագրի պայմանների մեծ մասին։ Թրամփի խոսքով՝ Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը սկզբնական 28 կետից կրճատվել է մինչև 22։ Զելենսկին, ինչպես սպասվում է, դրանք կքննարկի Թրամփի հետ հանդիպման ժամանակ։

Կիևը պատրաստ է համաձայնել ԱՄՆ խաղաղության ծրագրի կետերի մեծ մասին` բացառությամբ երեք հիմնականի: Դեռևս կան զգալի տարբերություններ այն բանի միջև, թե ինչ է Թրամփի վարչակազմը պահանջում Ուկրաինայից, և ինչ են պատրաստ ընդունել Կիևի իշխանությունները․ հայտնել էր CNN-ը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ ուկրաինական բարձրաստիճան աղբյուրին։

Աղբյուրը նշել է, որ դեռևս կա առնվազն 3 կարևոր ոլորտ, որտեղ էական տարաձայնություններ են մնում՝ տարաձայնություններ, որոնք կարող են նպաստել կամ խափանել հակամարտության ավարտի բանակցությունները։ Նախ՝ զգայուն հարցն այն է, թե Ուկրաինան կհանձնի՞ արդյոք երկրի արևելքում գտնվող Դոնբասի շրջանի հիմնական տարածքները, այդ թվում՝ Ուկրաինայի անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող խիստ պաշտպանված քաղաքներից և գյուղերից կազմված «պաշտպանական գոտին»։

Երկրորդ՝ դեռևս քննարկվում է ԱՄՆ-ի վիճահարույց առաջարկը՝ սահմանափակել Ուկրաինայի զինված ուժերի թիվը մինչև 600,000։ Այժմ քննարկումներ են ընթանում նոր, ավելի բարձր թվի շուրջ։ Վերջապես, Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ձգտումից հրաժարվելու հարցի վերաբերյալ աղբյուրը CNN-ին հայտնել է, որ այս պահանջը մնում է անընդունելի։

Անդրեյ Երմակը, անդրադառնալով տարածքների զիջմանը, The Atlantic-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ քանի դեռ Զելենսկին նախագահ է, նա չի համաձայնի տարածքներ զիջել խաղաղության դիմաց։

«Այսօր ոչ մի ողջամիտ մարդ չի ստորագրի տարածք զիջելու մասին փաստաթուղթ։ Քանի դեռ Զելենսկին նախագահ է, ոչ ոք չպետք է հույս ունենա, որ մենք տարածքներ կզիջենք։ Նա չի ստորագրի տարածք զիջելու մասին փաստաթուղթ։ Սահմանադրությունն արգելում է դա։ Ոչ ոք չի կարող դա անել, եթե չի ցանկանում հակասել Ուկրաինայի սահմանադրությանը և ուկրաինացի ժողովրդին»,- հայտարարել է Երմակը։

Սակայն հիշենք Թրամփի խոսքերը՝  Զելենսկին պարտավո՛ր է զիջումների գնալ։

«Ուզում եք ասել, որ Զելենսկիին դուր չի՞ գալիս մեր առաջարկը։ Նա ստիպված կլինի այն ընդունել. հակառակ դեպքում նրանք պետք է շարունակեն պատերազմը»,- ասել էր խաղաղության պլանի հեղինակը։

Leave a Comment