Նոյեմբերի 25-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մակագրվել է քրեական գործ, որով Ա.Պ.-ը մեղադրվում է նախկին կնոջը մարմնական վնասվածքներ պատճառելու համար։ Մեղադրյալը երկու անգամ հարձակվել է տուժողի վրա՝ նրանց համատեղ դստեր դպրոցից առանց ուղեկցության տուն վերադառնալու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ։ Գործը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Datalex դատական տեղեկատվական համակարգից։
Դեպքի հանգամանքները
Ա.Պ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2024 թվականի փետրվարի 29-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում Կոտայքի մարզի Ն բնակավայրի Ն փողոցում իր և իր մերձավոր ազգական՝ նախկին կնոջ՝ Ս.Ս.-ի միջև, նրանց համատեղ դստեր՝ Է.Պ.-ի դպրոցից առանց ուղեկցության տուն վերադառնալու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ս.Ս.-ին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով 7-ից 10-ը հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին։
Այնուհետև Ա.Պ.-ը դստերը տուն տանելուց հետո վերադարձել է դեպքի վայր և շարունակելով վիճաբանությունը կրկին հարվածներ է հասցրել Ս.Ս.-ի մարմնի տարբեր մասերին։
Պատճառված վնասվածքները
Արդյունքում Ս.Ս.-ին պատճառվել են՝
- աջ ականջախեցու բլթակի շրջանի սալջարդ վերք,
- ձախից պարանոցի վերին երրորդականի դրսային մակերեսի արյունազեղում,
- պարանոցի ստորին երրորդականի առաջակողմնային մակերեսի արյունազեղում,
- ձախ բազկի միջին երրորդականի դրսային մակերեսի արյունազեղում,
- աջ դաստակի թիկնային մակերեսի փափուկ հյուսվածքների սալջարդ,
- աջ ծնկան հոդի շրջանի դրսային մակերեսի փափուկ հյուսվածքների սալջարդ։
Վնասվածքները համապատասխանում են առողջությանը թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքների՝ առողջության կարճատև քայքայումով։
Իրավական գնահատականը
Ա.Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։
ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է պատասխանատվություն մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելու համար, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում։
Նույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը որակավորող հանգամանք է սահմանում այն դեպքերի համար, երբ արարքը կատարվում է մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից։
Պատիժը՝ հանրային աշխատանքներ՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
Խափանման միջոցը
Ա.Պ.-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։