Նոյեմբերի 25-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մակագրվել է քրեական գործ, որով Լ.Պ.-ը մեղադրվում է ապօրինի կերպով բնակարան մուտք գործելու, ինչպես նաև անօգնական վիճակում գտնվող 11 ամսական երեխայի և մեկ այլ անձի սպանության փորձի համար։ Գործը մակագրվել է դատավոր Նարեկ Բադալյանին։ Այս մասին Iravaban.net-ըտեղեկանում է Datalex դատական տեղեկատվական համակարգից։
Դեպքի հանգամանքները
Լ.Պ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2025 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 04:30-ից 05:00-ի սահմաններում, գնացել է Ն մարզի Ն համայնքի Ն բնակավայրի տան մոտ, որտեղ հրելու եղանակով բացելով դարպասը և չունենալով տարածք մուտք գործելու իրավունք, ապօրինի կերպով, տան բնակիչների կամքը փաստացի անտեսելով՝ մուտք է գործել տուն։
Մեղադրյալը աստիճաններով բարձրացել է 2-րդ հարկ և, ունենալով տան բնակիչներին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորություն, մտել է ննջասենյակներից մեկը։ Այնտեղ մոտենալով քնած վիճակում գտնվող Մ.Ա.-ին՝ փորձել է 2 ձեռքերով խեղդելու եղանակով սպանել վերջինիս։
Սակայն իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ չի կարողացել ավարտին հասցնել դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը, քանի որ Մ.Ա.-ն բարձր ձայնով գոռացել է, և երբ նրա ձայնի վրա սենյակ է մտել ամուսնու քույրը՝ Լ.Ռ.-ն, մեղադրյալը կարողացել է փախչել սենյակից։
11 ամսական երեխայի սպանության փորձը
Դրանից հետո Լ.Պ.-ը մոտեցել է նույն սենյակում գտնվող օրորոցի մեջ քնած, 11 ամսեկան և անօգնական վիճակում գտնվող Ա.Ռ.-ին։ Երկու ձեռքերով բռնելով վերջինիս պարանոցից՝ փորձել է խեղդելու եղանակով սպանել երեխային։
Սակայն իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ չի կարողացել ավարտին հասցնել դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը, քանի որ սենյակում արդեն գտնվող Լ.Ռ.-ին հաջողվել է Լ.Պ.-ի ձեռքերից ազատել Ա.Ռ.-ի պարանոցը և օրորոցի մոտից ետ քաշել ու հեռացնել մեղադրյալին։
Իրավական գնահատականը
Լ.Պ.-ին մեղադրանք է առաջադրվել՝
- ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռնմխելիություն)։
Այս հոդվածը սահմանում է պատասխանատվություն մարդու կամքին հակառակ կամ կամքն անտեսելով նրա բնակարան ապօրինի մուտք գործելու համար։
Պատիժը՝ տուգանք՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներ՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
- ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածներով (սպանության փորձ)։
ՀՀ քրեական օրենսգրքի 44-րդ հոդվածը սահմանում է հանցափորձի հասկացությունը։ Հանցափորձ է համարվում դիտավորյալ այն գործողությունը, որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, սակայն անձի դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվում։
ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է պատասխանատվություն սպանության՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու համար։
Պատիժը՝ ազատազրկում՝ ութից տասնհինգ տարի ժամկետով։
Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը որակավորող հանգամանք է սահմանում այն դեպքերի համար, երբ սպանությունը կատարվում է անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ։
Պատիժը՝ ազատազրկում՝ տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկում։
ՀՀ քրեական օրենսգրքի իմաստով՝ անօգնական վիճակում գտնվող անձ է համարվում նաև մանկահասակ տարիքի երեխան։
Խափանման միջոցը
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է հսկողության հանձնելը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։