Եկեղեցու ներսում «կարգավորումների» փորձ՝ պետական վարչակազմի ձեռքով․ AntiCor

27 Նոյեմբերի, 2025

AntiCor-ը ստանում և վերլուծում է տեղեկություններ, որոնք հերթական անգամ ցույց են տալիս՝ Հայաստանի գործող իշխանությունն օգտագործում է իր վարչական և տեղեկատվական ռեսուրսները պետական կառավարման սահմաններից դուրս գործող կառույցների վրա ճնշում գործադրելու համար։

Վերջին օրերին արդեն երկու փաստաթուղթ է հրապարակվել, որոնցով հոգևորականները իբր դիմում են Վեհափառ Հայրապետին՝ պահանջելով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի լիազորությունների սառեցում։ Ուշագրավն այն է, որ երկու փաստաթուղթն էլ հայտնվում են բացառապես իշխանության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներում՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի և ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսյանի մեդիաալիքներում։

Չստորագրած հոգևորականներ, բայց «պետական» տեքստ

Առաջին փաստաթուղթը ստորագրված էր կարգապահական հանձնաժողովի անդամների կողմից։ Երկրորդը՝ բազմաթիվ եպիսկոպոսական կազմով։ Սակայն երկու դեպքում էլ փաստաթղթում նշված հոգևորականներից մի մասը հրաժարվել են ստորագրել, ինչը վկայում է բովանդակության հետ սկզբունքային անհամաձայնության մասին։

Երկրորդ փաստաթուղթը հրապարակվեց նոյեմբերի 27-ին․ այնտեղ նշվում էր, թե իբր նոյեմբերի 25-ին Քննչական կոմիտեն տրամադրել է ինտիմ տեսագրության փորձաքննության արդյունքները՝ այն չկեղծված լինելու վերաբերյալ։ Դա այն նույն տեսագրությունն է, որը շաբաթներ առաջ տարածվեց իշխանության հետ կապվող, նորաստեղծ Telegram ալիքի միջոցով, ապա արագ փակվեց։

Տեսագրությունն ինտիմ հարաբերությունների պատկերներ են, որը իշխանության ներկայացուցիչների պնդմամբ Արշակ սրբազանն է, ինչը, սակայն ամբողջությամբ հերքվել է հենց Արշակ արքեպիսկոպոսի կողմից։

Տվյալ փաստաթուղթը չեն ստորագրել.

արքեպիսկոպոս Աբրահամ Մկրտչյանը,

եպիսկոպոսներ Արմաշ Նալբանդյանը, Սերովբե Իսախանյանը և Նարեկ Ավագյանը։

Leave a Comment