Գյուղատնտեսական մասնագիտությունների և գյուղատնտեսական կրթության խնդիրներն ու կարևորությունը կարելի է դիտարկել մի քանի տեսանկյունից՝ տնտեսական, սոցիալական, բնապահպանական և գիտական զարգացումների համատեքստում։ Գյուղատնտեսական մասնագիտություններն ապահովում են երկրի սննդային անվտանգությունը։
Արդյունավետ գյուղատնտեսությունը նաև պայմանավորված է աշխատաշուկայի պահանջարկով: Տարածաշրջանում աճող սննդամթերքի պահանջարկն առաջ է բերում բարձր որակավորված մասնագետների կարիք, իսկ ուսումնական ծրագրերը ձևավորում են այդ առաջարկը։

«Աշխատաշուկային անհրաժեշտ են մասնագետներ, որոնք ի վիճակի են իրենց ունեցած գիտելիքներով, իրենց կուտակած փորձով դառնալ ոլորտի հենասյուն և առաջ տանել բազմաթիվ մասնավոր սեփականատերերի սպասելիքները, ինչպես նաև՝ իրենց իսկ սեփական գործը ծավալելու ընթացքում լինեն մրցունակ։ ՀԱԱՀ-ում կատարվող բոլոր փոփոխությունները, առաջընթաց քայլերը, որոնց մենք ականատես ենք լինում, պահանջում են կրթական ծրագրերում անընդհատ փոփոխություններ։ Բայց, նույնիսկ այդ գիտակցումն ու ցանկությունը միշտ չէ, որ թույլ է տալիս աշխատաշուկային համարժեք փոփոխությունները կատարել ֆորմալ ծրագրերով։ Ուստի, ժամանակի պանջներին համապատասխան կրթություն ապահովելու համար Ագրարային համալսարանը մի քանի կարևոր քայլ է կատարել»,- ասում է ՀԱԱՀ-ի ռեկտոր Հրաչյա Զաքոյանը։
Գյուղատնտեսությունը շատ երկրների, այդ թվում՝ Հայաստանի, տնտեսության հիմքերից է։ Որակյալ մասնագետները նպաստում են արտադրողականության, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրության մրցունակության բարձրացմանը։ Ֆերմերների մոտիվացիան և մասնագետների պատրաստվածությունը միասին ապահովում են կայուն արտադրություն, բարձրացնում պարենային անվտանգության մակարդակը և ապահովում ոլորտի երկարաժամկետ զարգացման հեռանկարներ։

«Առաջին հերթին՝ սովորողը պետք է սիրի իր ընտրած մասնագիտությունը։ Եվ ուսանողները պետք է ավելի դիմակայուն, ավելի ուժեղ լինեն։ Ժամանակակից գյուղատնտեսության մեջ, երբ տեխնոլոգիաներն ավելի շատանում են, երբեմն թյուրըմբռնում է առաջանում, որ տեխնոլոգիական գյուղատնտեսությունն այդքան էլ մասնագետի հետ կապ չունի։ Կարող եմ ասել, որ գյուղատնտեսական կրթությունը ճիշտ և արդյունավետ կազմակերպելու համար մենք պետք է պատրաստ լինենք ֆինանսական լուրջ ներդրումների»,- ասում է Ծնեբեկ արտադրաղների միության նախագահ, ֆերմեր Դավիթ Դավթյանը։