Մայր Աթոռը դատապարտել է առանձին հոգևորականների կողմից պատարագների ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունները չհնչեցնելը

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվել է հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով․ հայտնում են Մայր Աթոռից։

«Ժողովին քննարկվեց վերջին շրջանում առանձին հոգևորականների կողմից Սուրբ Պատարագի արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակության միտումնավոր զեղչման խնդիրը:

Եպիսկոպոսաց դասը դատապարտելի նկատեց սույն երևույթը՝ արձանագրելով, որ եկեղեցաբանական տեսանկյունից այն հակականոնական է և կարող է հանգեցնել հերձվածի։ Ընդգծվեց, որ նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա և չսրբագրի իր հակականոնական ընթացքը սահմանված կարգով։

Ժողովը կարևոր նկատեց, որ հոգևորականները չտրվեն պառակտիչ գործողությունների և սադրանքների, պահպանեն միաբանության ոգին՝ հանուն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու անսասանության և առավել զորացման»,- ասվում է տարածած հաղորդագրության մեջ։

 

Leave a Comment