Ռուսաստանն ստացել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագրի վերջին տարբերակը․ Ուշակով

Մոսկվան ստացել է Ուկրաինայի խաղաղության ծրագրի ԱՄՆ-ի վերջին տարբերակները, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ 

«Մենք ստացել ենք վերջին տարբերակներից մի քանիսը, կարծում եմ»,- ասել է Ուշակովը «Ռոսիա 1» հեռուստաընկերության լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են, այդ թվում՝ հեռախոսով։

«Շփումները շարունակվում են, սակայն ոչ ոք դեռևս չի նստել կլոր սեղանի շուրջ՝ քննարկելու ԱՄՆ-ի ծրագիրը»,- ասել է Ուշակովը։

Վաշինգտոնն առաջարկել էր ուկրաինական կարգավորման 28 կետից բաղկացած ծրագիր, որը նախատեսում է Ռուսաստանի կողմից ուկրաինական որոշակի տարածքների ճանաչում, ուկրաինական բանակի նկատմամբ սահմանափակումներ, մի քանի գոտու ապառազմականացում և Կիևի կողմից օտարերկրյա զորքերի տեղակայումից հրաժարում: Որոշ կետեր վերաբերում են ռուսաց լեզվի պաշտոնական կարգավիճակին և ուկրաինական ուղղափառ եկեղեցուն: Փաստաթուղթը նաև անվտանգության երաշխիքներ է տրամադրում Ուկրաինային:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 25-ին տեղեկացրել էր, որ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆին բանակցությունների նպատակով կգործուղի Մոսկվա: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ 28 կետանոց ծրագիրը կրճատվել է, և որոշ դրույթներ հանվել են։

Leave a Comment