Երբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը՝ ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ենթադրում
է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կարող է ավարտվել մինչև 2025 թվականի վերջը։

«Ժնևյան բանակցություններից հետո անհրաժեշտ է անցկացնել
ավելի շատ հանդիպումներ, ինչպես նաև առանձին, զուգահեռ քննարկումներ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի
հետ կապված հարցերի շուրջ։ Եվ մենք դեռ չենք հասել դրան»,- նշել է նա իսպանական El
País թերթին տված հարցազրույցում։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Ուկրաինայում հակամարտությունը
կարո՞ղ է ավարտվել մինչև այս տարվա վերջ, Ռյուտեն ասել է. «Իհարկե»։

«Միշտ դժվար է կանխատեսել, բայց ես իսկապես հույս
ունեմ, որ խաղաղությունը շուտով կգա»,- հավելել է նա և միաժամանակ ընդգծել, որ «խաղաղության
ծրագիրը չի փոխում Ռուսաստանի՝ որպես Եվրոպայի համար երկարաժամկետ սպառնալիքի գնահատականը»։

Մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից PURL ծրագրի շրջանակներում
սպառազինության գնումները՝ Կիևին հետագայում փոխանցելու համար, Ռյուտեն նշել է, որ
եվրոպական երկրները վերջին տարիներին զգալի ներդրում են ունեցել, սակայն կան «որոշակի
հնարավորություններ, որոնք կարող է առաջարկել միայն Միացյալ Նահանգները»։

«(ԱՄՆ) նախագահ Թրամփը համաձայնել է երաշխավորել,
որ այս ամերիկյան զենքը կֆինանսավորվի Կանադայի և եվրոպացի դաշնակիցների կողմից։ Ուկրաինան
ամսական ստանում է մոտ 1 միլիարդ դոլարի սպառազինություն», – հավելել է նա։ Գլխավոր
քարտուղարի խոսքով՝ մատակարարումների ընդհանուր ծավալը տարեվերջին կարող է հասնել մոտ
5 միլիարդ դոլարի։

Ռյուտեն նաև ընդգծել է, որ Վաշինգտոնում կայացած
Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովում հաստատվել է, որ «Ուկրաինայի ուղին դեպի
ՆԱՏՕ անշրջելի է»։

«Միևնույն ժամանակ, մի շարք դաշնակիցներ, այդ թվում՝
Միացյալ Նահանգները, ասել են, որ ներկայումս դեմ են Ուկրաինայի անդամակցությանը»,-
պարզաբանել է նա։ Գլխավոր քարտուղարը հավելել է, որ «1949 թվականի Վաշինգտոնի պայմանագիրը
թույլ է տալիս եվրատլանտյան գոտու միացում ցանկացած երկրի», սակայն առանց բոլոր դաշնակիցների
միաձայն համաձայնության դա անհնար է։

 

 

Leave a Comment