Ուիթքոֆը հաջորդ շաբաթ կհանդիպի Պուտինի հետ. Թրամփ — Հայաստանի Հանրային Ռադիո

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հաջորդ շաբաթ Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Դոնալդ Թրամփը։

Նրա խոսքով՝ Ուիթքոֆի ուղևորության ժամանակ նրան կարող է միանալ իր փեսան՝ Ջարեդ Քուշները։

«Սթիվ Ուիթքոֆը կարող է գնալ Ջարեդի հետ։ Վստահ չեմ, որ Ջարեդը կգնա, բայց նա ներգրավված է այս գործընթացում, նա խելացի տղա է, և նրանք, կարծում եմ, հաջորդ շաբաթ Մոսկվայում կհանդիպեն նախագահ Պուտինի հետ», — ասել է Թրամփը լրագրողներին։

Նա նշել է, որ Ուկրաինայի խաղաղության ծրագրի շատ կետեր արդեն համաձայնեցված են։

Reuters-ը, հղում անելով ուկրաինական և ամերիկյան աղբյուրներին, հաղորդում է, որ Կիևը ԱՄՆ պլանի «ընդհանուր տրամաբանությունը» համարում է ընդունելի, սակայն ցանկացած կետ, որը վերաբերում է տարածքային հարցերին, պետք է քննարկվի Վլադիմիր Զելենսկու և Թրամփի հանդիպման ժամանակ։

Նոյեմբերի 23-ին Ժնևում կայացած խորհրդակցություններից հետո խաղաղության ծրագրի նախագիծը վերանայվել է։ Politico-ն հաղորդել է, որ Դոնբասը Ռուսաստանին փոխանցելու վերաբերյալ դրույթները հանվել են։ Ուկրաինան պնդում է, որ տարածքային հարցերը կարող է քննարկել միայն նախագահ Զելենսկին և միայն եվրոպացի գործընկերների մասնակցությամբ։

Leave a Comment