Տաթևի համայնքային կենտրոնում կայացել է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության կողմից իրականացվող «Թևեր՝ բոլորին» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որի ընթացքում 12 շահառու ընտանիքներ արժանացել են 300,000-ից մինչև 1,000,000 դրամի դրամաշնորհների՝ սեփական բիզնես գաղափարները կյանքի կոչելու նպատակով։
Ծրագիրը, որն իրականացվել է Տաթև խոշորացված համայնքում՝ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի դրամաշնորհով, ԱԿԲԱ ֆեդերացիայի աջակցությամբ և Իննոբիզ ՀԿ-ի ու Տաթև համայնքային կենտրոնի համագործակցությամբ, նպատակ ունի խթանել ձեռնարկատիրական մշակույթը Տաթևում, միավորել Արցախից տեղահանված և տեղի ընտանիքներին ու ձևավորել համայնքային համագործակցության նոր մոդել։
Վեցամսյա ծրագրի շահառու ավելի քան 50 ընտանիք մասնակցել է «Զրոյից բիզնես» ձեռնարկատիրական դասընթացին, փորձառու մենթորների աջակցությամբ մշակել սեփական նախագծերը և մասնակցել բիզնես գաղափարների մրցույթին։ Բիզնես գաղափարների փորձարկման նպատակով 30 ընտանիքի տրամադրվել է մինչև 330 ԱՄՆ դոլարի կրթաթոշակ, իսկ մրցույթային փուլին ներկայացված 29 նախագծերից 12-ն արժանացել են դրամաշնորհի։