Տեղի ունեցավ LaserWar Armenia-ի ամենամյա IT առաջնության մրցանակաբաշխությունը: 6 շաբաթ շարունակ 16 թիմեր IT և Fintech լավագույն ընկերություններից պայքարում էին լազերային մարտերում չեմպիոնի կոչման համար: Թիմերը հանդիպում էին յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին և իրենց ուժերն էին փորձում տարատեսակ մարտական սցենարներում, ինչպիսիք են «Շենքի գրավում»-ը, «Գերու ազատում»-ը և այլն:
Ինտենսիվ պայքարի արդյունքում ձևավորվեց առաջնության լավագույն քառյակը․ չեմպիոնի տիտղոսը արդեն երկրորդ անգամ նվաճեց SoftConstruct թիմը: Երկրորդ հորիզոնականում անցյալ տարվա չեմպիոնն է` Synopsys թիմը: Բրոնզե մեդալը բաժին հասավ Digitain Keepers-ին, իսկ Munich Ventures-ը եզրափակեց լավագույն քառյակը:
Այս տարվա առաջնությունն աչքի ընկավ սցենարների և լոկացիաների բազմազանությամբ, համառ պայքարներով և մարտական գործողությունների ավելի ռեալիստիկ վերարտադրմամբ: Առաջնության խմբային փուլի երրորդ տուրը տեղի ունեցավ Ազատազէնի Երևանի հրաձգարանում հնարավորություն տալով բոլոր թիմերին մասնակցել իրական հրաձգության, նռնակի նետման և վիրավորի տարհանման վարժությունների: Իսկ կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերում կիրառվեցին «Անգղ» մարզակրթական հասարակական կազմակերպության ԱԹՍ-ները` համալրելով խաղային սցենարները օդային հետախուզությամբ:
Կազմակերպիչները նշում են, որ առաջնության հիմնական նպատակն է զարգացնել թիմային ոգին և ստրատեգիկ մտածողությունը, ինչպես նաև ստեղծել շփման նոր հարթակ` ՏՏ ընկերությունների աշխատակիցների միջև։
Մամուլի հաղորդագրություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: