
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը ընդունել է ՄԱԿ-ի Կայուն համայնքներ ծրագրի ղեկավար Արման Վալեսյանին և Ենթակառուցվածքների վերականգման և սեյսմակայունության փորձագետ Արմեն Պեպանյանին։ Հանդիպման նպատակն էր քննարկել Վանաձորում կառուցվող Հայաստանի առաջին սոցիալական բնակարանների ծրագիրը։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Նորվեգիայի Զարգացման համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ Վանաձորի Զեյթուն փողոցի 53 հասցեում գտնվող նախկին գիշերօթիկ դպրոցի շենքը վերանորոգվելու է և վերափոխվելու 26 առանձին սոցիալական բնակարանի։ Յուրաքանչյուր բնակարան կունենա առանձին մուտք, խոհանոց, ճաշասենյակ և սանհանգույց։ Շենքի մուտքերը կվերակառուցվեն՝ հարմարեցվելով հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Ծրագրի շրջանակում ամբողջությամբ կփոխվեն ջրամատակարարման և կոյուղատար համակարգերը, կկառուցվեն նոր օդափոխման համակարգեր և կտեղադրվեն էլեկտրական ջեռուցման լուծումներ։ Շենքի տանիքին կտեղադրվեն արևային ֆոտովոլտային կայաններ, որոնք կապահովեն շենքը կանաչ էներգիայով։
Շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել առաջիկայում, իսկ բոլոր 26 բնակարանների վերակառուցումն ավարտել մինչև 2026 թվականի դեկտեմբեր։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև շենքի արտաքին տեսքի արդիականացման և համայնքային զարգացման այլ նախաձեռնություններում համագործակցության հնարավորությունները։ Արման Վալեսյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը Վանաձոր համայնքին կայուն և ներառական քաղաքային միջավայրի ձևավորման ուղղությամբ։