
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը Կարմիր խաչի միջոցով Իսրայելին է հանձնել Գազայի հատվածում մահացած երեք պատանդի մարմին։
Դրանք հանձնվել են Իսրայելի պաշտպանության ուժերին (IDF) և Շին Բեթ անվտանգության ծառայությանը (Shabak)։
Իսրայելի առողջապահության նախարարության խոսնակի փոխանցմամբ՝ մարմինները տեղափոխվել են Ազգային դատաբժշկական կենտրոն՝ մահվան հանգամանքներն ու պատճառները պարզելու նպատակով։
Դատաբժշկական փորձաքննությունից հետո մասնագետները կհանդիպեն զոհերի ընտանիքների հետ։
ՀԱՄԱՍ-ի զինված թևն ավելի վաղ հայտարարել էր, որ Գազայի հարավային հատվածում գտնվող մի թունելի մոտ հայտնաբերել է երեք մարդու մարմինների մնացորդներ։ Ըստ AFP-ի՝ ենթադրվում է, որ դրանք պատկանում են իսրայելցի զինվորների։
Ըստ պաշտոնական տվյալների՝ մինչ այժմ 28 պատանդներից 17-ի մարմին է վերադարձվել՝ այդ թվում 15 իսրայելցիների, մեկ թաիլանդցու և մեկ նեպալցու։