Արսեն Թորոսյանն այցելել է Ակնաշեն համայնքում գտնվող փոքր տուն և Մեծամորի անկախ կյանքի կենտրոն


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցի շրջանակում այցելել է Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքում գտնվող փոքր տուն և Մեծամորի անկախ կյանքի կենտրոն։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից:


Նախարարը շրջայց է կատարել Ակնաշենի փոքր տան տարածքում, ծանոթացել իրականացված վերակառուցման և վերանորոգման աշխատանքների արդյունքներին, դիտարկել պայմանները, որոնք ստեղծվել են շահառուների՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար։


Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ փոքր տների նոր և բարելավված շենքային պայմանները կարևոր քայլ են խնամքի համակարգի բարեփոխման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ նման ձևաչափը հնարավորություն է տալիս հաշմանդամություն ունեցող անձանց ապրել առավել ընտանեկան միջավայրում, ստանալ անհատականացված խնամք և լիարժեք մասնակցել համայնքային կյանքին։ Սա ոչ միայն նպաստում է նրանց հոգեբանական բարեկեցությանը, այլև բարձրացնում է մատուցվող սոցիալական ծառայությունների որակը։


Հիշեցնենք, որ համայնքային փոքր խմբային տներում նախատեսվում է տրամադրել շուրջօրյա խնամքի ծառայություններ հաշմանդամություն ունեցող՝ այդ թվում մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց համար։ Ծրագրի նպատակն է ոչ միայն ապահովել նրանց կացարանով, այլ նաև, սոցիալական և հոգեբանական աջակցության, զբաղվածության և այլ ծառայությունների միջոցով, նպաստել շահառուների սոցիալական ներառմանը և ինքնուրույն կյանքի հմտությունների զարգացմանը։ 


Այցի ընթացքում նախարար Թորոսյանը նաև այցելել է Մեծամորի անկախ կյանքի կենտրոն, հետևել շինարարական աշխատանքների ընթացքին։ Նախարարը կարևորել է անկախ կյանքի կենտրոնների դերը՝ որպես ներառական հասարակության ձևավորման և համայնքային ծառայությունների զարգացման առանցքային հարթակներ։


Մեծամորի անկախ կյանքի կենտրոնը կառուցվում է հաշմանդամություն ունեցող բոլոր տարիքի մարդկանց անկախ կյանքին ուղղված հմտությունները զարգացնելու, ընտանիքներին աջակցելու և համայնքահեն ծառայությունների նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով: Այն ապահովելու է մատչելի միջավայր՝ հենաշարժական համակարգի, լսողության, տեսողության, մտավոր զարգացման, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համապատասխան ծառայությունների մատուցման համար։

Leave a Comment