
Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ Փարիզի Լուվրի թանգարանից թանկարժեք զարդերի գողության գործով երկու կասկածյալ է ձերբակալվել։
Ըստ Le Parisien-ի, տղամարդիկ ծնունդով Սեն-Սեն-Դենի արվարձանից են, և նրանցից մեկը պատրաստվում էր մեկնել արտասահման Շառլ դը Գոլ օդանավակայանից։
Գողությունը տեղի է ունեցել անցած կիրակի՝ ցերեկային ժամերին, երբ չորս անձ ներխուժել էր թանգարան և Galerie d’Apollon սրահում կտրելով ցուցափեղկերի ապակիները հափշտակել էին անգին զարդերը։
Դեպքից հետո պարզվել է, որ թանգարանի որոշ սենյակներ չեն ունեցել տեսախցիկներ։ Ֆրանսիայի արդարադատության նախարարը հայտարարել է, որ անվտանգության համակարգը «խափանվել է»՝ «սարսափելի պատկեր» ստեղծելով երկրի մշակութային ժառանգության համար։
Ձերբակալվածները նախկինում ևս հայտնի են եղել ոստիկանությանը՝ գողությունների համար։ Նրանց հարցաքննությունը շարունակվում է, իսկ Լուվրում և մշակութային այլ վայրերում անվտանգության միջոցառումները խստացվել են։