Ի՞նչ ազդեցություն ունեն ավանակի կաթից անջատված կաթնաթթվային բակտերիաներն, օրինակ, թոքաբորբի բուժման վրա։ Թեման տարիներ շարունակ հետազոտում են հայ գիտնականները։ Գիտական հետազոտությունն սկսվեց Արցախում, շարունակվում է Երևանում։
Հետազոտությունը կատարվում է հայ կենսատեխնոլոգիայի գիտարտադրական կենտրոնի պրոբիոտիկների կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում։ Բացի այդ, լաբորատորիայում զբաղվում են պրոբիոտիկ կաթնաթթվային բակտերիաների հատկությունների ուսումնասիրմամբ, թիրախային հատկություններով պրոբիոտիկ կաթնաթթվային բակտերիաներով նոր ֆունկցիոնալ սննդամթերքների և կենսապատրաստուկների ստեղծմամբ։


Հետազոտում են նաև հեռանկարային շտամների հակամանրէային հատկությունները։ Հայկենսատեխնոլոգիայի գիտարտադրական կենտրոնի պրոբիոտիկների կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու՝ Արևիկ Իսրայելյանը պատմում է, որ իրենց գիտական խմբի հետազոտության առանցքում տարբեր կենդանիների կաթից, կաթնամթերքից անջատված կաթնաթթվային բակտերիաներն են։ Դրանց մի մասն անջատվել է Արցախի տարբեր շրջաններում բուծվող կենդանիների կաթից։
Միայն ավանակի կաթից անջատվել է 20 կաթնաթթվային բակտերիա։ Հետազոտությունն իրականացնում է ԱՆՍԵՖ-ի՝ ՀՕՖ-ի գիտության ու կրթության ազգային հիմնադրամի, դրամաշնորհի շրջանակներում։ Հայ կենսատեխնոլոգիա գիտարտադրական կենտրոնի պրոբիոտիկների կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Աննա Գասպարյանը ծրագրի շրջանակներում իրականացնում է ավանակի կաթից անջատված Enterococcus faecium KE5 շտամից անջատված բազմաշաքարների հակամանրէային ազդեցության ուսումնասիրություն՝ կախված ժամանակից, կոնցենտրացիայից, ինչպես նաև՝ մի շարք կենսաքիմիական հատկություններից:
2010 թ․ից մինչև 2023թ սեպտեմբերյան բռնի տեղահանումն Արցախի գիտական կենտրոնում ստեղծվել էր կաթնաթթվային բակտերիաների գենոֆոնդ՝ հավաքածու։ Դժվարությամբ, բայց աշխատում էին 44-օրյա պատերազմից հետո։ Աշխատեցին նաև բլոկադայի ողջ ընթացքում։ Բռնի տեղահանման ժամանակ Արցախի գիտական կենտրոնում գտնվող մանրէների հավաքածու չկարողացան տեղափոխել Երևան։ Այստեղ՝ Հայկենսատեխնոլոգիայի գիտարտադրական կենտրոնում պահպանվում է դրանց մի փոքր մասը։ Այժմ հետազոտություններն անցկացնում են եղած մանրէներով։
Վերջին տարիներին գիտության ֆինանսավորումն ավելացել է, սա փաստում են, գրեթե, բոլորը։ Բայց միջոցները դեռ բավարար չեն։ Դրամաշնորհները նոր հետազոտություններ անելու խթան են։ Արդյունքների ամփոփումից հետո արդեն պարզ կլինի՝ որքանով գիտական առաջարկը կներդրվի տնտեսության մեջ։ Ծրագիրը մեկ տարով է։ Վերջնարդյունքը կիրառական առաջարկներն են՝ առողջապահության ոլորտում, ու՝ արտոնագրի ստացումը։