Մանկավարժական համալսարանի ռեկտորի լիազորությունները կասեցվել են. նախարարն ԱԺ-ում մանրամասներ է հայտնել

Ինձ համար ցավոտ հարց է. այսպես արձագանքեց ԿԳՄՍ նախարար, Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը՝ համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի ձերբակալության մասին հարցին:

«Շնորհակալ եմ մեր իրավապահ մարմիններին: Ինձ համար անբնական իրավիճակ է, երբ խոսում ենք, գործում ենք, մեր քայլերը պլանավորում ենք, ինչ֊որ մի տրամաբանության մեջ, և այնպիսի բուհում, որտեղ կրթվում են մեր ապագա ուսուցիչները, տեղի են ունենում գործընթացներ, որոնք նկարագրված են տարածված հաղորդագրության մեջ: Մենք տեղեկություն ստացել ենք այն չափով, ինչ չափով հնարավոր է դարձնում նախաքննության ընթացքը»,֊ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նա տեղեկացրել է, որ այսօր հոգաբարձուների խորհրդի նիստ է տեղի ունեցել, ռեկտորի լիազորությունները կասեցվել են, ժ/պ֊ի հարցը կարգավորվել է, որպեսզի բուհի բնականոն գործունեությունը շարունակվի:

Նախարարը տեղեկացրել է, որ այս ընթացքում փորձել են հասկանալ՝ արդյոք հոգաբարձուների խորհուրդը կարո՞ղ էր որևէ ձևով տեղեկանալ այդ իրավիճակի մասին՝ հաշվի առնելով, որ անցնել են աուդիտ, և կան աուդիտի եզրակացությունները: Նաև ստուգումների գործընթաց է անցել տարբեր մարմինների կողմից՝ ինչպես ՊՎԾ֊ն,  ստուգող այլ մարմիններ: «Ստացել եմ հավաստիացումներ, որ այն սխեման, որը գործել է առերևույթ թղթերի մակարդակում, հնարավորություն չի տալիս դա տեսել, առնվազն առաջին արձագանքը, որն ունեցել են, դա է, բայց ինձ համար, իհարկե, սա բավարար չէ: Մենք առաջիկայում շատ լրջորեն պետք է նաև դիտարկենք բուհի ամբողջ անձնակազմի իմացության, տեղեկացվածության հետ կապված հարցերը»,-ասել է նախարարը:

Leave a Comment