Ամասիա համայնքի Հայասա թաղամասի միակ մեծ խնդիրը ոռոգման և խմելու ջրերի բացակայությունն է։ Այս մասին պատմել է տեղի բնակիչներից Ժասմին Ղուկասյանը։
Կնոջ խոսքով՝ արդեն տևական ժամանակ է, ինչ խողովակները բերել են, ջրափոսերը փորել են, բայց ջուր գոյություն չունի։
«30 տարի է` գյուղում ջուր չկա։ 5 թոռ ունեմ, և անհնար է երեխաներին առանց լողացնելու դպրոց և մանկապարտեզ ուղարկել։ Ջուր կրելուց մեր մարդատար ավտոմեքենաները ջարդվել են։ Տղաս հիմա ծառայության է, խնդրել եմ, որ տեգորս տղան մեզ օգնի ջուր կրի»,- նշել է Ժասմին Ղուկասյանը։
Բնակիչներին ասել էին, որ մինչև սեպտեմբեր ջուր լինելու է, բայց դեռ ոչ մի նորություն չկա։ Քաղաք տեղափոխվելու հնարավորություն չունեն։
«Մարդիկ չեն կարողանում ապրել, թողել, գնացել են։ 90 թվից ջուր ենք կրում մինչև էսօր։ Այստեղ ենք ապրում, որ կարողանանք անասուն պահել, բոստան մշակել, բայց առանց ջրի չի ստացվում։ Այստեղ մնացել ենք մենք, և ևս 2 ընտանիք։ Խոսք էին տվել, որ մեզ տուն պետք է տան, բայց ոչ տուն ենք տեսնում, ոչ օգնություն։ Որ ջուր լինի, ով որ գնացել է Ռուսաստան երևի հետ կգա»,- հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում: