Երևանում, Կապանում, Գորիսում և Գավառում hոկտեմբերի 22-ից նոյեմբերի 3-ը կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Փառատոնի բեմերում կմիավորվեն պարը, պերֆորմանսը և դրամատուրգիան՝ ներկայացնելով ժամանակակից արվեստի նոր հնչերանգներ։
Հայաստան կժամանեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիացի պարուսույցներ՝ Մուրադ Մերզուկի, Յոան Բուրժուա և Կադեր Ատու։
Բացումը կկայանա հոկտեմբերի 22-ին Կապանում՝ ֆրանսիացի դրամատուրգ Նատալի Ֆիյոնի հետ հանդիպումով։ Հոկտեմբերի 25-ին նա վարպետաց դաս կանցկացնի Կապանի Ֆրանկոֆոն կենտրոնում։
Հոկտեմբերի 27-ին Գորիսում՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի մասնաճյուղի դահլիճում, կցուցադրվի շվեյցարական Cie La Temeraria թատրոնի մանկական ներկայացումը՝ «Ծիածանը»։
Հոկտեմբերի 28-ին Կապանի դրամատիկական թատրոնում կկայանա համատեղ ստեղծագործության՝ «Դեմքեր» բեմականացված ընթերցումը՝ Նատալի Ֆիյոնի, Անուշ Ասլիբեկյանի և Անի Առաքելյանի մասնակցությամբ։
Հոկտեմբերի 30-ին և 31-ին Գավառում՝ Լևոն Կալանթարի անվան դրամատիկական թատրոնում, կանցկացվի դրամատուրգիական ռեզիդենցիա՝ «Գրել թատրոնի համար» խորագրով։ Նույն օրերին Երևանում՝ «Թումո» կենտրոնում, տեղի կունենան հանդիպումներ ռեժիսորներ Մերզուկի և Ատուի հետ։
Փառատոնը կավարտվի նոյեմբերի 3-ին՝ հանդիսավոր փակման արարողությամբ Գաֆեսճյան արվեստի կենտրոնում (Կասկադ)։ Երեկոյան հանդիսատեսը կտեսնի Բուրժուայի «Փորձեր՝ հավասարակշռության կետին մոտենալու» կատարողական ներկայացումը և Ատուի բաց պարային շոուն՝ PRELUDE-ն։
