Ձերբակալվել են նաև Արագածոտնի առաջնորդարանի կին աշխատակիցները. ԱԱԾ–ն ու ՆԳՆ–ն շենքում են

Ձերբակալվել են նաև Արագածոտնի առաջնորդարանի կին աշխատակիցները. ԱԱԾ–ն ու ՆԳՆ–ն շենքում են

15 հոկտեմբերի 2025 – 16:29 AMT

PanARMENIAN.Net – Հոգևորականներից բացի, ձերբակալվել են նաև Արագածոտնի առաջնորդարանի հաշվապահը, գլխավոր հաշվապահը, գործավար–քարտուղարը։ Այդ մասին Քննչական կոմիտեի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Մարինե Ֆարմանյանը` հավելելով, որ նշված անձինք կանայք են։

Այս ընթացքում ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները ԱԱԾ–ի հատուկջոկատայինների հետ մտել են Արագածոտնի առաջնորդարան։ ԱԻՆ աշխատակիցներն առաջնորդարան են մտել հատուկ սաղավարտներով ու լինգերով, հայտնում է Sputnik Արմենիան։

Պարբերականի կադրերում երևում է, որ փրկարար ծառայության աշխատակիցնեից մեկը սնդուկ է հանել առաջնորդանից և փորձում է լինգով բացել այն։

Թեմի առաջնորդարանի և եկեղեցիների դռները փակ են:

Հոկտեմբերի 15–ին բերման է ենթարկվել Արագածոտնի թեմի 11 հոգևորական, այդ թվում՝ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Ըստ ՔԿ-ի` նրանց ձերբակալել են հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում:

Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։

Leave a Comment