Հանրային ռադիոյի ձայնային գանձարանից այսօր նեկայացնելու ենք հատվածներ տաղանդավոր գրող Կոստան Զարյանին նվիրված հաղորդումից, որը ձայնագրվել է սրանից 34 տարի առաջ: Ռադիոյի աշխատակից Հայկ Ֆրանկյանի և գրողի որդու՝ ճարտարապետ Արմեն Զարյանի հանդիպումը բացահայտում է բացառիկ և հետաքրքիր դրվագներ Կոստան Զարյանի կյանքից, որը մի իսկական ոդիսական էր:
Եվ այսպես՝ 1885թ. փետրվարի 8-ին Շամախում ծնված, հորը վաղ տարիքում կորցրած Կոստանը հայտնվում է Փարիզում: Նախնական կրթությունը այստեղ ստանալով, անցնում է Բրյուսել՝ բարձարագույն հասատատությունում սովորելու և «Ազատ համալսարան»-ից վկայվում է որպես փիլիսոփայության դոկտոր:
Այդ տարիները համընկնում են քաղաքական բուռն շրջադարձերի հետ: Գերմանիայում նա ձերբակալվում է: Պատճառը, Կամոյի՝ ռուսական գանձարաններից կատարած թալանը, Լենինի հրահանգով եվրոպական քաղաքներում տեղական արժույթով փոխանակելն էր: 3 տղաները, որոնք ստանձնել էին այդ գործը հայեր էին, որոնցից մեկը մեր Կոստան Զարյանն էր: Ցարական իշխանությունները պահանջում են 3-ին էլ: Բարեբախտաբար Մյունխենի քաղաքապետը, որտեղ ձերբակալվել էին տղաները, սոցիալիստ էր և համակրանք ուներ նրանց հանդեպ, կազմակերպում է ցույց՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալվածներին և չարտաքսել Ռուսաստան:
Այդպես էլ լինում է: Զարյանը վերադառնում է Բրյուսել: Այստեղ հանդիպում է Վերհարնին, որը կարդացել էր իր «Արցունքների վիշտ»–ը: Վերհարնը Կոստանին խորհուրդ է տալիս հայերեն սովորել հարկ եղածի պես: Այս հանդիպումից ամիսներ անց Կոստան Զարյանը մեկնում է Վենետիկ՝ Մխիթարյանների մոտ և հայր Արսեն Ղազիկյանը նրան սովորեցնում է գրաբար, իսկ Նիկողայոս Ադոնցը՝ աշխարհաբար:
Արմեն Զարյանն ասում է, որ իր հայրը ստեղծեց հայի նոր կերպար՝ յուրացնելով եվրոպական մշակույթը՝ այն դարձնելով իրենը և դրա մեջ տեսնելով հայի էությունը:
Որդին պատմում է հոր՝ Սասունցի Դավթի մեկնաբանությունը գրելու երազանքի, 1913թ. տիկնոջ հետ Պոլիս վերադառնալու, Դանիել Վարուժանի, Հակոբ Օշականի, Գեղամ Բարսեղյանի և Ահարոն Տատուրյանի հետ «Մեհեան» արվեստի և գրականության հանդեսը հիմնելու մասին: Քաղաքական պատճառներով ստիպված է լինում հեռանալ Բուլղարիա: Ապրում է Սոֆիայի մոտ գտնվող Կրասնոյե Սելո-ում: Եվ իր տանը 2 անգամ հյուրընկալում է Պոլիս՝ Էնվերի հետ հանդիպելու շտապող, իսկ հետո Պոլսից հուսահատ վերադարձած հայ ժողովրդի մեծ բարեկամ Յոհաննես Լեփսիուսին։
Ինչևէ՝ կյանքը Կոստան Զարյանին հասցնում է Իտալիա: Այստեղ նա ճանաչել է տալիս անկախացած Հայաստանը, նրա հերոսներին, հատկապես՝ Անդրանիկ զորավարին: Ֆլորենցիայի քաղաքապետը մի մեծ դահլիճ է տրամադրում Կոստան Զարյանին, որպեսզի նա ելույթ ունենա և պատմի իր Հայրենիքի մասին: Կոստան Զարյանը մի հրաշալի ելույթ է ունենում՝ անդրադառնալով հայ-իտալական կապերին: Կարրարա քաղաքը Երևանին է նվիրաբերում մարմարի մի կտոր՝ քանդակի համար:
Քաղաքական դրությունը կտրուկ փոխվում է: Բոլշևիկները գրավում են Հայաստանը: Իսկ Կարրարայի մարմարը վեր է ածվում Քրիստոսի անավարտ արձանի ձեռքերի կրկնօրինակի, որն այսօր տեղադրված է Օղակաձև զբոսայգում: Կ. Զարյանը կրկին վերադառնում է Պոլիս, որտեղ ողջ մնացած հայ մտավորականները նորից հավաքվում են, կարծես վերակենդանացնելու այս քաղաքի երբեմնի մշակութային կյանքը: Հակոբ Օշականի, Վահան Թեքեյանի և այլոց հետ նա հրատարակում է «Բարձրավանք» հանդեսը: Եվ նորից արհավիրք: Գլուխ է բարձրացնում քեմալական շարժումը: Կոստան Զարյանի նոր ոդիսականի՝ Հայաստան գալու, «Նավը լեռան վրա» վեպի հետ կատարված անախորժության և այլ մանրամասների մասին՝ ձայնագրությունում: