
«Այդ դրոշմի հետ կապված խնդիրը շրջանառության մեջ է դրվել ամիսներ առաջ, երբ դեռ հորիզոնում տեսական հնարավորություն կամ պայմանավորվածություն էլ չկար Թուրքիայի հատուկ ներկայացուցչի այցի մասին: Ընդհանրապես Հայաստան-Թուրքիա որևէ բանակցության մեջ որևէ նման հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արարատ լեռան գծապատկերը Հայաստան մուտքի և ելքի անձնագրային կնիքից հանելու որոշմանը՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ անվտանգության ռազմավարության մեջ առանցքային է լեգիտիմության գործոնը. «Մենք ինքներս պիտի ճանաչենք և ճանաչում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքով և սահմաններով: Սա անում ենք, որովհետև ուզում ենք մեր պետության հարատևությունն ապահովել, իսկ դրա համար մեր պետությունը պետք է դնենք ճիշտ դիրքի վրա: Մենք ուզում ենք, որ ՀՀ-ն լինի միջազգային պատասխանատու գործընկեր և ապրի միջազգային ընդունված կանոններով, և մենք ՀՀ-ն առաջնորդում ենք այդ տրամաբանությամբ: Եթե մինչև 2004 թվականն այդ դրոշմը չի եղել, ինչ է նշանակել այդ դրոշմի բացակայությունը և երբ 2004-ին այն հայտնվել է, ինչ է նշանակել այդ դրոշմի հայտնվելը: Ինչ խնդիր էին լուծում, գուցե լեգետիմության խնդի՞ր էին լուծում, այդ թվում՝ ներքաղաքական լեգիտիմության: Երբ դու կոնկրետ պետության, երկրի Սահմանադրությամբ սահմանված իշխանության տիրոջ կողմից ընտրված չես, քեզ պետք է լեգիտիմության նոր աղբյուրներ գտնել, մի տեղ սարի նկար կպցնել, մի տեղ ընկալումները և պատասխանատվությունները տարածել ՀՀ-ից դուրս, որպեսզի այդ փաստը, որ ՀՀ-ում լեգիտիմ իշխանություն չկա, հնարավոր լինի լղոզել: Այն բոլոր քայլերը, որոնք իրականացնում ենք, իրականացնում ենք ՀՀ-ի պետականությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունն ուժեղացնելու համար»:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ