Այս տարի Ֆրանսիայում դպրոց պետք է հաճախի 12 մլն աշակերտ։ Ուսումնական նոր տարում նրանց կդասավանդեն նոր առարկա՝ էմոցիոնալ հարաբերությունների եւ միջանձնային կյանքի մասին, աշակերտներին կարգելվի դասի ժամանակ հեռախոս պահել. դպրոցի մուտքի մոտ այն պետք է դրվի հատուկ արկղերում, բակալավրիատում էլ կներդրվի գնահատման նոր մոտեցում՝ ուսանողների վրա ճնշումը նվազեցնելու նպատակով, հաղորդում է RFI-ն։
Կրթության նախարար Էլիզաբեթ Բորնի պահանջով՝ այս տարվանից յուրաքանչյուր ավագ դպրոց ինքը պետք է մշակի գնահատման իր չափանիշը։ Նպատակն է, որ շարունակական գնահատման ընթացքում հաշվի առնվեն միայն որոշակի գնահատականներ, իսկ մյուսները ծառայեն որպես ուղեցույց: Ըստ նախարարի՝ սա կնվազեցնի գնահատականների ճնշումը աշակերտների վրա։
Բարեփոխումները, սակայն, քննադատության են արժանացել SNES-FSU և SNALC միջնակարգ կրթության արհմիությունների կողմից, որոնք պնդում են, որ որոշումն ընդունվել է առանց քննարկումների: Նրանց կարծիքով՝ գնահատման ձևերն ու դրանց կշիռը պետք է որոշի ուսուցիչը, ոչ թե դպրոցի տնօրենը:
SNES-FSU-ի գլխավոր քարտուղար Սոֆի Վենետիթեն նշում է, որ աշխատանքային պայմանները չափազանց բարդ են եւ կրթական համակարգը պահպանվում է միայն ուսուցիչների նվիրվածության հաշվին։ Ըստ արհմիության, համակարգը «վերականգնելու» համար անհրաժեշտ է ստեղծել առնվազն 10,000 լրացուցիչ աշխատատեղ:
Այս տարի Ֆրանսիայում դպրոց է գնացել ռեկորդային թվով՝ 520,000 հաշմանդամություն ունեցող աշակերտ: Սա վկայում է 2005 թվականին ընդունված օրենքի արդյունավետության մասին, որը ամրապնդում է յուրաքանչյուր հաշմանդամ երեխայի իրավունքը՝ հաճախելու իր թաղամասի դպրոց: Հաշմանդամություն ունեցող աշակերտների աջակցության ազգային ֆեդերացիայի նախագահ Նիկոլա Էգլինի խոսքերով՝ վերջին 20 տարում հաշմանդամ երեխաների թիվը դպրոցներում հնգապատկվել է: