Klarna-ն €1,4 միլիարդ ֆինանսավորում է ստացել Santander-ից 

Klarna-ն 1,4 միլիարդ եվրո վարկային գիծ է ստացել իսպանական բանկային հսկա Santander-ի կողմից՝ օգտագործելով պարտքերի իր գերմանական պորտֆելը որպես երաշխիք։

Այս գործարքը Klarna-ին տալիս է անմիջապես հասանելիություն գործող կապիտալի՝ հաճախորդների ապագա վճարումների միջոցով։ Սա Klarna-ի ամենամեծ ֆինանսական պայմանագրերից մեկն է Եվրոպայում։

Ընդգծելով, որ Santander-ը գործարքում ընդգրկված միակ վարկատուն է, Klarna-ի ֆինանսական տնօրեն Նիքլաս Նեգլենը նշել է, որ այս համաձայնագիրն ընկերության ֆինանսավորման աղբյուրները բազմազան դարձնելու և աճը խթանելու ռազմավարության մի մասն է։ Santander-ը մրցակցում է գերմանական BNPL (գնի՛ր հիմա, վճարի՛ր հետո) շուկայում նույնպես՝ իր Zinia պրոդուկտով, որը պաշտոնապես գործարկվել է 2022թ.-ին։

Այս պայմանագիրը հաջորդում է Nelnet Financial Services-ի հետ Klarna-ի վերջերս սկսած ֆինանսական համագործակցությանն ԱՄՆ-ում, որտեղ ընկերությունը կվաճառի իր «Pay in 4» ծառայության դիմաց հաճախորդներից սպասվող կարճաժամկետ պարտքերն ստանալու իրավունքը՝ նպատակ ունենալով խթանել հետագա ընդլայնումը։ Հաճախորդներից ակնկալվող վճարումների ծավալն ամենայն հավանականությամբ կհասնի 26 միլիարդ դոլարի։

Այս քայլն ընդգծում է Klarna-ի երկկողմանի կենտրոնացումը. մի կողմից Եվրոպայում իր դիրքերն ամրապնդելուն ուղղված ջանքերը, մյուս կողմից՝ ամերիկյան շուկա ներթափանցելու փորձերը։

Հետևեք ֆինթեք լրահոսին Telegram-ում

Leave a Comment