ՆԳՆ-ն հերքել է իր ատեստավորված աշխատակիցների հավելավճարները չվճարելու մասին հրապարակումը

ՀՀ ՆԳՆ-ն հերքել է «Հրապարակ» օրաթերթի հրապարակումն այն մասին, որ գերատեսչությունն անհիմն պատճառաբանություններով չի վճարում ատեստավորում անցած աշխատակիցների հավելավճարները։

Նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին ասել է, որ միայն վերջին ատեստավորմանը մասնակցած ծառայողների հավելավճարներն են ամփոփման փուլում, մյուս բոլոր աշխատակիցները պատշաճ վճարվում են։

Օրաթերթը գրել էր, որ համակարգի աշխատակիցները բողոք են հասցեագրել, որ «ամիսներ, անգամ մեկ տարի է անցել որոշ մասնագետների ատեստավորումից, սակայն ղեկավարությունը հավելավճարները դեռևս չի փոխանցել»։

Սարգսյանը պարզաբանել է, որ չի կարող խոսք լինել այդպիսի ժամկետների մասին, այլ առավելագույնը՝ մեկ ամսվա տվյալները կարող են դեռ ամփոփված չլինել, սակայն միևնույն է՝ հաշվարկը կատարվելու է ատեստավորման օրվանից սկսած։

«Ատեստացիոն հերթական փուլի ամփոփումից հետո ատեստավորման գործընթացի վերջին քննության օրվանից կհաշվարկվեն և մասնակիցներին կփոխանցվեն հավելավճարները»,- հավաստիացրել է նա։

Մամուլի խոսնակը նաև բացառել է, որ համակարգում նման աշխատող լինի, որը ամիսներով կամ մեկ տարի հավելավճար ստացած չլինի։

Սարգսյանը տեղեկացրել է, որ ՆԳՆ-ում տարեկան մի քանի անգամ ատեստավորում է իրականացվում։

Նշենք, որ 2023 թվականի կառավարության որոշմամբ՝ ոստիկանության ծառայողների ատեստավորման արդյունքներով հավելավճարը վճարվում է ատեստավորման օրվան հաջորդող ամսվա 1-ից։ Ոստիկանության պետի տեղակալներն ատեստավորման արդյունքներով «Գերազանց» գնահատականի դեպքում՝ 200,000 դրամի չափով, «Լավ» գնահատականի դեպքում՝ նշված գումարի 75 տոկոսի, իսկ «Բավարար» գնահատականի դեպքում՝ նշված գումարի 50 տոկոսի չափով հավելավճար են ստանում։

 

Leave a Comment