Եթե լռում եք, դուք նույնպես կործանման մասնակից եք. կապիտան Պետրոսյանի դստեր խոսքը

«Իմ հայրն ընկավ հայրենիքի համար։ Իմ մանկությունն ու կյանքը բաժանվեց երկու մասի՝ մինչ հայրիկիս կորուստը և հետո։ Մենք կորցրեցինք Արցախը։ Մենք կորցրեցինք տղերքին։ Հիմա էլ սպասում ենք՝ երբ ենք կորցնելու Հայաստանն էլ։

 

Ո՞վ պիտի կանխի այս ամենը։ Ո՞վ պիտի կանգնի ու ասի՝ բավակա՛ն է։ Ո՞ր ղեկավարն ունի խիզախություն ցույց տալու ճշմարիտ ուղին։ Ո՞ր մեկը պիտի սրբի այս ժողովրդի արցունքները։ Այսօր բոլորը խելագարվում են ցավից։ Զոհվածի մայրերը, քույրերը, աղջիկներն ու որդիները ապրում են մտքով, որ իրենց սիրելիները զոհվեցին ոչ թե հայրենիքի համար, այլ որովհետև խանգարում էին ինչ-որ մեկի աթոռին, ինչ–որ մեկի շահերին։ Դա ամենամեծ ողբերգությունն է։

 

Մինչդեռ ժողովուրդը լուռ է։ Մինչդեռ մեր հոգևորականներին հալածում են։ Մինչդեռ ունենք կին քաղբանտարկյալ։ Մինչդեռ մեր երկիրը օր օրի կորցնում է իր արժանապատվությունը։ Ես ասում եմ ձեզ՝ հայրենասեր լինելը քիչ է։ Հայրենասեր խոսքերից մենք ոչինչ չենք շահել։ Հայրենատեր լինենք՝ գործով, վճռականությամբ, պահանջով։ Լռությունը դավաճանություն է։ Եվ ես, կապիտան Իշխան Պետրոսյանի աղջիկս, ասում եմ՝ եթե դուք լռում եք, դուք նույնպես կործանման մասնակից եք», – գրել է 44 օրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստրը՝ Նաիրի խոշորացված համայնքի «Իմ հզոր համայնք» խմբակցության ավագանու անդամ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:

Leave a Comment