Մարդկանց ձեռ տալ, շոշափել չեն լինելու. Փաշինյանը՝ ադրբեջանական բեռները հայ մաքսավորների կողմից ստուգելու մասին հարցին

Կստուգե՞ն հայ մաքսավորները Հայաստանի տարածքով անցնող ադրբեջանական մեքենաները. Լրագրողի այս հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, թե ինչ սկզբունքերի շրջանակում է ստորագրվել վաշինգտոնյան հռչակագիրը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն և փոխադարձություն։

«Աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում մաքսային ու սահմանային հսկողության այն ձևերը, որ մեզ ծանոթ են նախորդ տասնամյակներից, արդեն գոյություն չունեն։ Մասնավորապես կենսաչափական անձնագրերի կիրառման պարագայում գործում են բոլորովին այլ ընթացակարգեր։ Այն ձևերը, երբ պետք է մարդկանց ձեռ տալ, շոշափել և այլն, այդպես շարունակ, դրանք բոլոր երկրներում, այդ թվում հայաստանում, 5, 10, 15 տարի հետո չեն լինելու և մենք գնալու ենք պարզեցումների»,-կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ պարզեցումների գնալու են ոչ միայն հայ-ադրբեջանական, այլև բոլոր սահմանային կետերում, որպեսզի բիզնես միջավայրը հնարավորինս լինի պարզեցված։

«Ինքս կենսաչափական անձնագիր չունեմ, ցավոք սրտի, բայց ովքեր ունեն, գիտեն, որ շատ երկրներում ճամփորդելիս այն մոտեցնում են սարքին, ինքնաշխատ եղանակով ստուգումն ու հսկողությունը տեղի է ունենում։ Սա օրինակներից մեկն է, բայց դա չի նշանակում, որ սա է։ Մենք պատրաստ ենք ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է այդ հինգ սկզբունքների շրջանակում»,-ասաց Փաշիյանը։

Ի դեպ, նա ասաց, որ այս ֆորմատով երբեմն-երբմեն կհանդիպի ԶԼՄ ներկայացուցիչներին ու կպատասխանի հարցերին։

Leave a Comment