Առանձին դեպքերում անխուսափելի է խնդիրների առաջացումը՝ ինչպես ցանկացած մեծ համակարգի դեպքում. Սուրեն Գրիգորյան

«Այն քաղաքացիները, որոնք նախկինում QR ուղետոմսեր էին ձեռք բերում թղթային տարբերակով, կարող են այլեւս ձեռք բերել տրանսպորտային քարտ, պարբերաբար լիցքավորել եւ օգտվել տրանսպորտային ծառայություններից: Հորդորում եմ մեր քաղաքացիներին, որ տոմսերը ձեռք բերեն նախապես: Քարտերը հնարավոր է լիցքավորել «Թել-Սել» դրամապանակի միջոցով, տերմինալների, Transport.yerevan.am կայքի միջոցով»,-ասուլիսում նշեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ մանրամասնելով, որ այդպիսով կխուսափեն անհարմարություններից, քանի որ քարտի ակտիվացման համար ժամանակ է պահանջվում:

Նա ասաց, որ հնարավոր է տերմինալի միջոցով եւս տոմսեր գնել, այդ դեպքում նշվում է հեռախոսի համար, եւ նույն հեռախոսի համարով գրանցվելու դեպքում, ընդ որում՝ առանց նույնականացման, գնված տոմսերը հայտնվում են «Թել-Սել» դրամապանակում:

«Ուզում եմ նշել, որ  QR ուղետոմսերի դուրս բերման հետ միաժամանակ արդեն նախապես եւ հիմա նաեւ մեկ նոր լուծումով ապահովել է մի քանի այլընտրանք, որից քաղաքացիները կարող են օգտվել: Այս տարբերակներից օգտվելու եւ նախապես համապատասխան քանակով տոմսերը լիցքավորելու դեպքում քաղաքացիները խնդիր չեն ունենա համակարգի հետ շփվելիս:

Իհարկե, հաշվի առնելով, որ մեծ թվով քաղաքացիներ են օգտվում այս համակարգից, առանձին դեպքերում անխուսափելի է խնդիրների առաջացումը՝ ինչպես ցանկացած մեծ համակարգի դեպքում, որին մեր եւ «Թել-Սել» ընկերության զանգերի կենտրոնը հնարավորինս արագ լուծում ենք փորձում տալ »,-ընդգծեց Երեւանի քաղաքապետի տեղակալը:

Նա ասաց, որ փոփոխությունը հատուկ են իրականացրել օգոստոս ամսին, երբ արձակուրդային շրջան է, որպեսզի նրա ձեւակերպմամբ, անցումը աստիճանաբար եւ անցնցում կատարվի:

Մանրամասն՝ տեսանյութում.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment