Ջրցան մեքենաները նույնիսկ շաբաթ եւ կիրակի են աշխատում. սուտ լուրեր են տարածվում համացանցում. Արմեն Բեգոյան


Հասարակություն

Վարդավառից հետո համացանցում որոշ օգտատերեր հայտնեցին իրենց զարմանքն առ այն, որ Երեւանի քաղաքապետարանում կան բավականին լավ տեխնիկայով հագեցած ջրցան մեքենաներ, որոնք նախատեսված են հատուկ ծառերը ջրելու համար: Քաղաքացիները նկատում են, որ երբեւէ այդ մեքենաները չեն տեսել գործնականում կիրառման մեջ՝ բացի Վարդավառի օրը: Այս հարցը պարզաբանելու համար «Իրավունք»-ը զրուցեց Քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն ԱՐՄԵՆ ԲԵԳՈՅԱՆԻ հետ:

Քաղաքացիները ցանկանում են հասկանալ, բացի Վարդեւառից, այլ հանգամանքներում, օրինակ` ծառեր ջրելու համար, այդ ջրցան մեքենաները երբեւէ օգտագործվե՞լ են:

Այդ մեքենաները, իսկապես, շատ զարգացած տեխնիկա ունեն և քաղաքապետարանը վաղուց է ձեռք բերել՝ 2021 թվականից: Այդ ջրցան մեքենաները, որոնք երեքն են, ամենօրյա ռեժիմով՝ գիշեր-ցերեկ զբաղված են մայրաքաղաքի չոռոգվող տարածքներում: Անշուշտ, մենք չենք տնկում ծառեր այն հատվածներում, որոնք չոռոգելի տարածքներ են հանդիսանում: Ոռոգում ենք անցկացնում, նոր տնկում ենք, սակայն պետք է նկատել, որ մայրաքաղաքն ունի բազմաթիվ տարածքներ, որտեղ շուտ են ծառեր տնկվել, եւ դրանք ինչ-ինչ պատճառներով այժմ դարձել են չոռոգելի: Այդ տարածքներում նույնիսկ շաբաթ եւ կիրակի են աշխատում ջրցան մեքենաները: Դա նաեւ պայմանավորված է նրանով, որ մեքենաները քիչ են եւ չեն հասցնում այս տապին: Այնպես որ, այդ խոսակցությունները, որ մեքենաները չեն օգտագործվում, առնվազն սուտ է: Պետք է ասեմ, որ այս տապին մենք եւս 6 ջրցան մեքենա խնդրում ենք ԵԱՍՄ սանհիմնարկից, եւ նրանք օժանդակում են մեզ, որովհետեւ մեր եղածը մեզ չի բավականացնում:

Պարոն Բեգոյան, այդ ջրցան մեքենաներով արձաննե՞րն են մաքրվում:

— Նախկինում, եթե լինում էր անհրաժեշտություն, ապա մեր կողմից մաքրվում էին, սակայն այդ գործառույթը գտնվում է վարչական շրջանի աշխատակազմի տիրույթում: Այդտեղ հայտարարվում է մրցույթ, եւ մրցույթը հաղթողը գալիս է տվյալ վարչական շրջանի պահանջով լվանում է արձանները:

Դուք ասացիք, որ ջրցան մեքենաները քիչ են մայրաքաղաքի համար եւ չեն հասցնում: Քաղաքապետարանը պատրաստվո՞ւմ է ներդրում կատարել նոր մեքենաներ ձեռք բերելու համար:

— Այո, միշտ էլ կատարում է ներդրումներ: Տեսեք, նախորդ տարի քաղաքապետարանը ավտոաշտարակներ ձեռք բերեց: Դրանք ավելի շատ են օգտագործվում: Այսինքն՝ ամեն տարի մի նոր բան է գնվում: Հնարավորության դեպքում ամեն տարի գումար տրամադրվում է տեխնիկա ձեռք բերելու, իսկ թե ինչպիսի տեխնիկա, դա արդեն մենք ենք որոշում՝ ըստ անհրաժեշտության:

Այս վերջին շրջանում ի՞նչ նոր գնումներ է կատարվել տեխնիկայի առումով:

— Վերջին շրջանում ձեռք ենք բերել երկու տրակտոր՝ ավելի մեծ սրսկիչով: Մեկը նախատեսված է այգեգործական աշխատանքների համար, մյուսը՝ փոսեր փորելու: Վերջինս ձեռք ենք բերել ոռոգման ջրագծեր անցկացնելու եւ մի շարք տարբեր խնդիրներ լուծելու համար:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Leave a Comment