Վարդավառից հետո համացանցում որոշ օգտատերեր հայտնեցին իրենց զարմանքն առ այն, որ Երեւանի քաղաքապետարանում կան բավականին լավ տեխնիկայով հագեցած ջրցան մեքենաներ, որոնք նախատեսված են հատուկ ծառերը ջրելու համար: Քաղաքացիները նկատում են, որ երբեւէ այդ մեքենաները չեն տեսել գործնականում կիրառման մեջ՝ բացի Վարդավառի օրը: Այս հարցը պարզաբանելու համար «Իրավունք»-ը զրուցեց Քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն ԱՐՄԵՆ ԲԵԳՈՅԱՆԻ հետ:
— Քաղաքացիները ցանկանում են հասկանալ, բացի Վարդեւառից, այլ հանգամանքներում, օրինակ` ծառեր ջրելու համար, այդ ջրցան մեքենաները երբեւէ օգտագործվե՞լ են:
— Այդ մեքենաները, իսկապես, շատ զարգացած տեխնիկա ունեն և քաղաքապետարանը վաղուց է ձեռք բերել՝ 2021 թվականից: Այդ ջրցան մեքենաները, որոնք երեքն են, ամենօրյա ռեժիմով՝ գիշեր-ցերեկ զբաղված են մայրաքաղաքի չոռոգվող տարածքներում: Անշուշտ, մենք չենք տնկում ծառեր այն հատվածներում, որոնք չոռոգելի տարածքներ են հանդիսանում: Ոռոգում ենք անցկացնում, նոր տնկում ենք, սակայն պետք է նկատել, որ մայրաքաղաքն ունի բազմաթիվ տարածքներ, որտեղ շուտ են ծառեր տնկվել, եւ դրանք ինչ-ինչ պատճառներով այժմ դարձել են չոռոգելի: Այդ տարածքներում նույնիսկ շաբաթ եւ կիրակի են աշխատում ջրցան մեքենաները: Դա նաեւ պայմանավորված է նրանով, որ մեքենաները քիչ են եւ չեն հասցնում այս տապին: Այնպես որ, այդ խոսակցությունները, որ մեքենաները չեն օգտագործվում, առնվազն սուտ է: Պետք է ասեմ, որ այս տապին մենք եւս 6 ջրցան մեքենա խնդրում ենք ԵԱՍՄ սանհիմնարկից, եւ նրանք օժանդակում են մեզ, որովհետեւ մեր եղածը մեզ չի բավականացնում:
— Պարոն Բեգոյան, այդ ջրցան մեքենաներով արձաննե՞րն են մաքրվում:
— Նախկինում, եթե լինում էր անհրաժեշտություն, ապա մեր կողմից մաքրվում էին, սակայն այդ գործառույթը գտնվում է վարչական շրջանի աշխատակազմի տիրույթում: Այդտեղ հայտարարվում է մրցույթ, եւ մրցույթը հաղթողը գալիս է տվյալ վարչական շրջանի պահանջով լվանում է արձանները:
— Դուք ասացիք, որ ջրցան մեքենաները քիչ են մայրաքաղաքի համար եւ չեն հասցնում: Քաղաքապետարանը պատրաստվո՞ւմ է ներդրում կատարել նոր մեքենաներ ձեռք բերելու համար:
— Այո, միշտ էլ կատարում է ներդրումներ: Տեսեք, նախորդ տարի քաղաքապետարանը ավտոաշտարակներ ձեռք բերեց: Դրանք ավելի շատ են օգտագործվում: Այսինքն՝ ամեն տարի մի նոր բան է գնվում: Հնարավորության դեպքում ամեն տարի գումար տրամադրվում է տեխնիկա ձեռք բերելու, իսկ թե ինչպիսի տեխնիկա, դա արդեն մենք ենք որոշում՝ ըստ անհրաժեշտության:
— Այս վերջին շրջանում ի՞նչ նոր գնումներ է կատարվել տեխնիկայի առումով:
— Վերջին շրջանում ձեռք ենք բերել երկու տրակտոր՝ ավելի մեծ սրսկիչով: Մեկը նախատեսված է այգեգործական աշխատանքների համար, մյուսը՝ փոսեր փորելու: Վերջինս ձեռք ենք բերել ոռոգման ջրագծեր անցկացնելու եւ մի շարք տարբեր խնդիրներ լուծելու համար:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ