Մայր ԲՈՒՀ-ը դարձել է կադրային ճնշումների թիրախ – Live News

Վերջին օրերին ԵՊՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները վկայում են մտահոգիչ միտման մասին՝ կրթական համակարգը դառնում է քաղաքական հաշվեհարդարի նոր հարթակ։

Իշխանությունը, որը խոստանում էր ապաքաղաքականացնել բուհերը, այսօր հակառակ քայլերն է անում՝ Մայր ԲՈւՀ-ը դարձնելով կադրային ճնշումների թիրախ։

Երեկ՝ հուլիսի 9-ին, առանց նախօրոք իրավաչափ ծանուցման, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ամբողջ աշխատակազմը տեղեկացվել է, որ ազատվելու է աշխատանքից արդեն վաղը՝ հուլիսի 11-ին։ Այսինքն՝ աշխատակիցներին տրամադրվել է ընդամենը երկու օր՝ փաստացի մեկ աշխատանքային օր՝ աշխատանքը թողնելու և համապատասխան պատրաստումներ կատարելու համար։

Ավելին՝ համալսարանական իշխանությունները փորձել են ազատման իրավաչափությունն արդարացնել մի շարք թղթային հիմնավորումներով, որոնք իրենց բովանդակությամբ դատարկ են և որևէ իրավական ուժ չունեն։ Այսպես կոչված «հիմնավորումները» չեն բխում օրենսդրական ակտերից և ակնհայտորեն ուղղված են ազատման գործընթացին «օրինական» պատրանք ստեղծելուն։

Զուգահեռաբար՝ արժե հիշեցնել, որ Կառավարության կողմից հավանության արժանացած «Կրթության և գիտության մասին» օրենքի փոփոխությունները ըստ տաիկին նախարարի, ուղղված են բուհերի ապաքաղաքականացմանը։ Դրանց համաձայն՝ համալսարանների կառավարման մարմիններում, այդ թվում՝ հոգաբարձու խորհրդում, չպետք է ընդգրկված լինեն կուսակցական անձինք։ Սակայն գործնականում մենք ականատես ենք լինում ճիշտ հակառակ գործընթացի։ ԵՊՀ-ում համակարգը միտումնավոր քաղաքականացվում է, իսկ բոլոր նրանք, ովքեր որևէ կերպ ասոցացվում են այլակարծության կամ ընդդիմադիր դիրքորոշման հետ, փաստացի ենթարկվում են կադրային զտման։

Այս իրավիճակի խորհրդանշական օրինակներից էր վերջերս կազմակերպված Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵՊՀ տարածքում։ Այն անցավ փակ դռների ետևում՝ համալսարանական միջավայրին ոչ հարիր ձևաչափով, ինչը մեկ անգամ ևս վկայում է, որ ԵՊՀ ռեկտորը ավելի շուտ իշխող ուժի կամակատարն է, քան անկախ կրթական հաստատության ղեկավար։

Այս ամենը լրջագույն սպառնալիք է ներկայացնում բուհական ինքնավարության, ակադեմիական ազատության և ազատ մտքի արտահայտման համար։

Մանե Արշակյանի ֆեյսբուքյան գրառումը

Leave a Comment