Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու թեմայով հարցում է ուղարկվել Թուրքիայի տուրիզիմի նախարարությանը

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության՝ (DEM) ասորի պատգամավոր Ջորջ Արսլանը հարցում է ուղարկել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Հարցումը վերաբերում է Անիի Մայր տաճարին, թե արդյոք վերանորոգումից հետո վերջինս այցելուների առաջ բացվելու է որպես մզկիթ։ Պատգամավորի հարցման տեքստում Անին բնորոշվում է որպես հայերի պատմական նշանավոր կենտրոն։

Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը գրել էր, որ այժմ վերանորոգվում է մզկիթի վերածված Անիի Մայր տաճարը։ «Վերանորոգումից հետո մզկիթը կվերաբացվի»։

Ասլանը նշել է, որ Անիի Մայր տաճարի նման Թուրքիայում հարյուրավոր պատմական եկեղեցիներ և վանքեր անտերության են մատնված և վերանալու վտանգի մեջ են։ Իսկր դրանց մի մասն էլ մզկիթների է վերածվել։

Պատգամավորը շեշտել է Անիի Մայր տաճարի կարևորությունը՝ որպես համաշխարհային մշակույթի ժառանգության մաս։

Պատգամավորը նախարարին հղել է հետևյալ  հարցերը.

1․ Արդյո՞ք ճիշտ են պնդումները, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո բացվելու է որպես մզկիթ։

2․ Արդյո՞ք նշյալ պատմական կառույցի կրոնական ինքնության փոփոխության ու մզկիթի վերածման որոշումը չի հակասում Թուրքիայի բազմակրոն և բազմամշակույթ էությանը։

3․ Արդյո՞ք վերանայվելու Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու որոշումը՝ հաշվի առնելով կառույցի կրոնական և հատուկ ինքնությունը։

4․ Որո՞նք են այն վանքերն ու եկեղեցիները, որոնք մզկիթի են վերածվել ձեր՝ նախարար լինելու ժամանակաշրջանում։ Վերջին 20 տարում որքան վանք ու եկեղեցի է մզկիթի վերածվել։

Պատգամավորը նույն հարցով դիմել է նաև Թուրքիայի ազգային մեծ ժողովին (մեջլիս)։

Նշենք, որ Անիի Սուրբ Աստվածածին եկեղեցին կամ Մայր տաճարը կառուցվել է 10-րդ դարում։ Շինարարությունը սկսել է հայոց թագավոր Սմբատ 2-րդ Բագրատունին 989թ.-ին, իսկ ավարտել՝ հայոց թագուհի Կատրամիդեն 1001թ.-ին։

Leave a Comment