Իսրայելին մտահոգում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տվյալները, որոնց համաձայն Իրանն արագացնում է ուրանի հարստացումը: Իսրայելական կողմի կարծիքով՝ սա ցույց է տալիս, որ Թեհրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ չի կրում:
AFP գործակալությունը, հղում անելով ԱԷՄԳ-ի գաղտնի զեկույցին, ավելի վաղ հայտնել էր, որ Իրանը վերջին ամիսներին զգալիորեն արագացրել է բարձր հարստացված ուրանի արտադրությունը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը զեկույցը անվանել է «տագնապալի»: «Փաստաթուղթը մռայլ պատկեր է ներկայացնում և ծառայում է որպես հստակ նախազգուշացում. չնայած միջազգային հանրության բազմաթիվ նախազգուշացումներին, Իրանը շարունակում է նպատակադրված շարժվել դեպի միջուկային զենքի ստեղծումը», — ասվում է հայտարարության մեջ:
«Զեկույցը համոզիչ կերպով հաստատում է այն, ինչ Իսրայելը տարիներ շարունակ պնդել է. Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ նպատակ չունի։ Սա հստակ երևում է Իրանի կողմից ուրանի հարստացման աշխատանքների մասշտաբներից և մակարդակից։ Հարստացման նման մակարդակները բնորոշ են միայն միջուկային զենքի ձգտող երկրներին և չունեն քաղաքացիական կամ էներգետիկ արդարացում։ Բացի այդ, զեկույցը հստակ ցույց է տալիս, որ Իրանը շարունակում է կոպտորեն խախտել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած իր հիմնական պարտավորությունները և հրաժարվում է համագործակցել ԱԷՄԳ-ի տեսուչների հետ», — կարծում են Իսրայելի վարչապետի գրասենյակում։
Այս առումով Իսրայելը կրկին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Թեհրանի դեմ։ «Միջազգային հանրությունը պետք է անհապաղ գործի՝ Իրանին կանգնեցնելու համար», — հայտարարել է Նեթանյահուի գրասենյակը։