Ռուսական զորքերը ԱԹՍ-ներով հարվածել են Խարկովին․ վիրավորներ կան

Ռուսական զորքերը մայիսի լույս 30-ի գիշերը հարվածներ են հասցրել Խարկովին։ Տեղական իշխանությունները հայտնում են, որ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ, գրում է Current time-ը։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է քաղաքում մի շարք պայթյունների մասին, իր տվյալներով՝ Սլոբոդսկի շրջանում գրանցվել է ութ հարված։ Պաշտոնյան մանրամասնել է, որ վնասվել են հարվածի վայրին մոտ գտնվող բնակելի շենքերը։

«Այսօր Խարկովը ենթարկվել է հերթական հարձակման, թշնամին ութ «Շահեդ» ԱԹՍ է արձակել դեպոներից մեկի վրա, որտեղ մեր տրոլեյբուսները վերանորոգվում և սպասարկվում էին: Արդյունքում տուժել է ոչ միայն կոմունալ ծառայությունը, այլև երեսունից ավելի բնակելի շենքեր: Երկու մարդ բժշկական օգնության կարիք է ունեցել»,- գրել է Տերեխովը:

Ըստ նրա՝ հարձակման հետևանքով մեկ տրոլեյբուս ամբողջությամբ այրվել է, ևս 18-ը՝ վնասվել:

Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովն էլ հայտնել է,որ վիրավորվել է, ընդհանուր առմամբ, 11 մարդ։

«Թշնամին հարձակվել է Չուգուև համայնքի Վասիլև Խուտոր գյուղի վրա հարվածային անօդաչու թռչող սարքերով։ Այս պահին հայտնի է ութ տուժածի մասին, նրանց թվում՝ 16-ամյա երկու երեխա»,- ասել է նա։

Ավելի ուշ Սինեգուբովը հայտնել է ևս երեք վիրավորի մասին։

Ընդհանուր առմամբ, ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալների, գիշերը ռուս զինվորականները Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 90 «Շահեդ» անօդաչու թռչող սարք և անօդաչու թռչող սարքերի իմիտատոր, ինչպես նաև երկու «Իսկանդեր-Մ/ԿՆ-23» բալիստիկ հրթիռ։ Հարձակման հիմնական թիրախներն են եղել Խարկովի, Օդեսայի և Դոնեցկի մարզերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment