
Սյունիքի Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտ երեք անձ առանց համապատասխան թույլտվության լեռնահետախուզական և հանքարդյունաբերական աշխատանքներ է իրականացրել, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ծավում արդեն մեկ ամսից ավելի փորձում են պարզել՝ ինչպես է սնդիկ հայտնվել գյուղի խմելու ջրում։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը գյուղի չորս կետից ջրի նմուշներ էր վերցրել և բոլորում սնդիկ հայտնաբերել։
Դրանից հետո բնակիչներին հորդորել էին ջուրը չխմել և նույնիսկ կենցաղային նպատակներով չօգտագործել։ Արգելքը դեռ ուժի մեջ է, սակայն գյուղացիներից շատերը շարունակում են ջուրն օգտագործել՝ ասելով, որ չեն վստահում հետազոտությունների արդյունքներին։
Ջրում սնդիկի հայտնաբերման դեպքով քրեական վարույթ է նախաձեռնված։ Թե որտեղից է սնդիկը հայտնվել ջրում, մինչ այժմ պաշտոնապես չի պարզաբանվել։
Առայժմ հայտնի չէ նաև՝ խմելու ջրի ավազանի մոտ հայտնաբերված ապօրինի հանքարդյունաբերական աշխատանքները որևէ կապ ունե՞ն ջրի աղտոտման հետ։