1000-մեգավատտանոց նոր բլո՞կ, թե՞ փոքր մոդուլային ռեակտոր․ Հայաստանի ատոմային ընտրությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ»–ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին։ Հանդիպմանը քննարկվել է Հայկական ատոմակայանի ապագայի հարցը։ Մեծամորի ԱԷԿ-ի գործող լիցենզիայի ժամկետները հաշվի առնելով՝ Հայաստանը մինչև 2027 թվականի վերջը պետք է որոշի՝ երկարաձգի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործումը մինչև 2046 թ․, նոր ատոմային էներգաբլոկ կառուցի, թե անցնի փոքր մոդուլային ռեակտորների տարբերակին։ Հայաստանը վերջնական որոշում կընդունի տնտեսական հաշվարկների հիման վրա՝ համադրելով տարբեր առաջարկների արժեքը, տեխնիկական և անվտանգության ցուցանիշները, կատարման ժամկետներն ու երաշխիքները։

Հայաստանի կառավարությունն ու ատոմային էներգետիկայի մասնագետները քննարկում են գործող ատոմակայանի շահագործման ժամկետը 2036 թվականից հետո ևս 10 տարով երկարաձգելու հնարավորությունը։ Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում հանդիպումից հետո լրագրողներին ասել է «Ռոսատոմ»–ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը․

«Տեսականորեն նման հնարավորություն կա, եթե նման որոշում ընդունվի»։

Ալեքսեյ Լիխաչովի խոսքով՝ «Ռոսատոմ»–ի մասնագետները տեխնիկապես հնարավոր են համարում Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը մինչև 2046 թվականը։ «Ռոսատոմ»–ի ղեկավարը նշել է, որ հայաստանցի գործընկերների հետ ունեն կառուցողական գործակցություն նաև ՀԱԷԿ–ի գործող էներգաբլոկի գործունեության ժամկետների երկարաձգման ուղղությամբ։ Միաժամանակ նա նշել է, որ դրա համար անհրաժեշտ կլինեն խոշոր ներդրումներ՝ էներգաբլոկի անվտանգության և տեխնիկական հուսալիության ապահովման, ինչպես նաև անհրաժեշտ արդիականացման համար․

«Բացի տեխնիկական հնարավորություններից՝ պետք է խոսենք տնտեսական նպատակահարմարությունների մասին»։

«Ռոսատոմ»–ի հաշվարկով՝ միլիոնավոր դոլարներ կպահանջվեն անվտանգության համակարգը արդիականացնելու, ավտոմատացնելու և օգտագործված միջուկային վառելիքը պահպանելու համար։ Սրանք, ըստ Լիխաչովի, անպայման ազդելու են ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի գնի վրա․ հնարավոր է, որ նույնիսկ երկու անգամ աճի հոսանքի գինը։

«Ռոսատոմ»–ն ունի այլընտրանքային առաջարկ՝ ոչ թե երկարաձգել Մեծամորի էներգետիկ հսկայի կյանքը, այլ նոր, 1000 Մվտ հզորությամբ կայան կառուցել․

«Մենք Հայաստանի կառավարությանը կոնկրետ առաջարկ ենք արել՝ 1000-անոց բլոկի վերաբերյալ՝  լավագույն նախագիծ Վե-Վե-Էռ 1000-ի շրջանակներում։

Հենց այդ Վե-Վե-Էռներն ենք մենք մեզ մոտ տարածում։ Հենց դրանցից ենք մենք կառուցել և շարունակում ենք կառուցել Հնդկաստանում, Իրանում։ Դրանք ունեն տնտեսապես շատ բարձր արդյունավետություն, մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի ցածր արժեքը, և դրանցում առկա են 3+ սերնդի անվտանգության բոլոր անհրաժեշտ համակարգերը: Ըստ մեզ՝ սա լավագույն առաջարկն է, որ այսօր գոյություն ունի միջազգային շուկայում»։

«Ռուսատոմ»–ի առաջարկը Լիխաչովը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանի կառավարության ղեկավարը չի մերժել այն, բայց նաև չի ընդունել։ Ըստ կառավարության տարածած հաղորդագրության՝ Փաշինյանը Լիխաչովին հայտնել է, որ միջազգային այլ գործընկերների հետ ևս քննարկում են ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հարցը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ վերջնական որոշումը կրելու է բացառապես տնտեսական բնույթ՝ հաշվի առնելով գինը, որակը, անվտանգությունը, ժամկետները և երաշխիքները։ 

Թե որ առաջարկը կընտրի Երևանը, հայտնի կդառնա առաջիկայում․

«Առաջին անգամ հնչեցին մեզ համար շատ կարևոր խոսքերը, որ առաջիկա ամիսներին Հայաստանը որոշում կկայացնի տեխնիկական նկարագրի մասին և կընտրի գործընկերների, որոնք կկառուցեն նոր կայան»։

«Ռոսատոմ»–ի ղեկավարի խոսքով՝ առաջիկա ամիսներին Հայաստանում նոր էներգաբլոկ կառուցող գործընկեր ընտրելու մասին տեղեկությունը ռուսական կողմի համար նշանակում է, որ մրցակցությունն անցնում է նոր փուլ։ Այժմ «Ռոսատոմ»–ը պետք է ներկայացնի ամենամրցունակ առաջարկը՝ նոր էներգաբլոկի կառուցման նախագծում ընտրվելու համար․

«Մենք պատրաստ ենք այդ նախագիծը դիտարկելու նաև միջազգային մատակարարների ներգրավմամբ, որոնց հետ, հակառակ արտաքին ճնշմանը, կորպորացիան շարունակում է ակտիվորեն գործակցել, և դա հայտնի է»։

«Ռոսատոմ»–ի առաջարկած 1000 Մվտ հզորությամբ նոր էներգաբլոկի տարբերակն այսպիսով մրցակցելու է նաև փոքր մոդուլային ատոմակայանների նախագծերի հետ։ Ամիսներ առաջ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը լրագրողներին հայտնել էր, որ տեսակի ընտրությունը Հայաստանն արդեն կատարել է՝ ունենալ մուդուլյար տիպի ատոմակայան.

«Մոդելի և հետևաբար արտադրող երկրի ընտրություն չենք կատարել, որովհետև մոդելի ընտրությամբ է պայմանավորված արտադրող երկիրը։ Որոշում կայացնելու մասով չենք շտապում»։  

ԵՊՀ միջուկային ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, հեռանկարային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անահիտ Բալաբեկյանը մոդուլյար ատոմակայանների գրավչության մասին է խոսում.

«Փոքր մոդուլային ատոմակայանները նոր խոսք են այս բնագավառում։ Թեկուզ հիմքը դրվել է վաղուց, սակայն վերջին ժամանակներում շատ ավելի ակտիվ ենք խոսում փոքր մոդուլային ռեակտորների մասին։ Ինչո՞վ է գրավիչ․ նրանք ավելի կոմպակտ են, անվտանգության առումով բավական անվտանգ։ Հաշվի առնելով եղած բոլոր վթարները, որոնք տեղի են ունեցել ատոմակայաններում, այժմ հաշվի առնելով անվտանգությունը, բավականին վերացրել են վտանգի այդ աղբյուրները և բավականին անվտանգ են դարձել»։

Հայաստանի կառավարությունն այդ ուղղությամբ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Հարավային Կորեայի հետ՝ քննարկելով գործող ընդհանուր 1000 Մվտ հզորությամբ երկու էներգաբլոկի փոխարինումը մինչև 300 Մվտ հզորությամբ փոքր մոդուլային կայաններով։

Leave a Comment