ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհավորել են Հայաստանին Անկախության օրվա առթիվ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նրանց ուղերձները հրապարակել է Հայաստանի կառավարությունը։
«Ընդունե՛ք շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»,- ասված է Պուտինի ուղերձում։
Միշուստինն իր հերթին ընդգծել է Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը։
«Համոզված եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային ու հումանիտար ոլորտներում կառուցողական համագործակցության զարգացումը փոխադարձ հարգանքի հիման վրա լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերին»,- նշել է ՌԴ վարչապետը։
Ավելի վաղ Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները քննարկել էին ռուս-հայկական համագործակցությունը առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական, մշակութային և հումանիտար ոլորտներում։
