
Նախարար Ժաննա Անդրեասյանը Լեհաստանի Հանրապետության Թագավորական ամրոցի գլխավոր տնօրեն Մալգոժատա Օմիլանովսկայի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ Հայաստանում նախատեսվում է ունենալ Գորգի թանգարան, ինչը համագործակցության նոր հեռանկարներ կբացի երկու երկրների ժառանգությունը հանրահռչակելու ուղղությամբ: Այս համատեքստում քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը։
Հանդիպմանը անդրադարձ է եղել մշակույթի և կրթության փոխկապակցությանը․ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանի կրթական համակարգում թանգարանները և հուշարձանները դիտարկվում են որպես կրթական միջավայրեր, և այդ ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում՝ դպրոցահասակներին ևս հաղորդակից դարձնելու մշակութային կյանքին:
Մալգոժատա Օմիլանովսկան հայտնել է, որ արդեն իսկ հասցրել է այցելել Հայաստանի մի շարք պատմական վայրեր, որոնք իրենց համամարդկային արժեքով չափազանց տպավորիչ են:
Կողմերը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի մշակութային հաստատությունների միջև կայուն համագործակցության հարթակների ձևավորման հնարավորությունները։