Չնայած հետաքրքրությանը, «ԵՄ-ն Հայաստանին իր շարքերն ընդունելու մտադրություն չունի»,- ասում է Տիգրան Եկավյանը

Ֆրանսիական «Լը Ֆիգարո» օրաթերթի անդրադարձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրերս արած հայտարարությանը, թե Երեւանը շուտով կարող է պաշտոնական դիմում ներկայացնել Եվրոմիությանն անդամակցելու համար, օգոստոսի 26-ին անդրադարձել է ֆրանսիական հայտնի «Ֆիգարո» թերթը: Հայաստանը, ըստ հրապարակման, վաղուց է ձգտում պահպանել լավ հարաբերություններ ինչպես Մոսկվայի, այնպես էլ իր եվրոպացի գործընկերների հետ: Իսկ նշված հայտարարությանն ի պատասխան՝ Բրյուսելը հայտարարել է, որ պատրաստ է «հետաքրքրությամբ» քննարկել այդ դիմումը: Ֆրանսահայ քաղաքագետ, Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի վերլուծաբան Տիգրան Եկավյանի կարծիքով, որի հետ զրուցել է թերթի թղթակիցը, Հայաստանի համար այս հեռանկարը պատրանքային է:

«Եվրոմիությունը չունի ո՛չ միջնաժամկետ, ո՛չ էլ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանին իր շարքերն ընդունելու մտադրություն,- ասել է Եկավյանը:- Սա պատրանք է: Սակայն ԵՄ-ն շահագրգռված է Հայաստանին օգտագործել Ռուսաստանի հետ նոր դիմակայության մեջ: Հայաստանում ստեղծված իրավիճակն  ինչ-որ բանով հիշեցնում է Մոլդովայի իրավիճակը՝ սրված սառը պատերազմ՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արեւմուտքի միջամտությամբ»:

Ինչո՞ւ է քաղաքագետը կարծում, որ Հայաստանի Եվրոմիություն ընդունվելը  անիրատեսական հեռանկար է:

«Հայաստանը,- նկատում է նա,- սկսել է փոխել իր արտաքին-քաղաքական կողմնորոշիչները, բայց չի կարող արագ փոխել իր տնտեսության աշխարհագրությունը: Այն ծով ելք չունեցող երկիր է: Այն ընդհանուր սահման չունի Եվրոմիության հետ: Ռուսաստանին է բաժին ընկնում Հայաստանի արտահանման 35%-ը, այն դեպքում երբ ԵՄ-ինը ընդամենը 8% է: Հայաստանն իր գազի ավելի քան 85%-ը ներմուծում է Ռուսաստանից»:

Վլադիմիր Պուտինը պահանջում է, որ Հայաստանն ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության եւ Եվրոմիության հետ մերձեցման միջեւ: Սակայն Հայաստանը ցանկանում է պահպանել ռուսական շուկա մուտքը հենց այս միության միջոցով՝ դրանից զգալի օգուտներ է ստանում: Գազից բացի Հայաստանն իր հացահատիկի մեծ մասը ներմուծում է Ռուսաստանից: Ռուսաստանը նաեւ կարեւոր աշխատաշուկա է հայ աշխատանքային միգրանտների համար: Հարցն այն է, թե արդյոք Եվրոմիությունն ունա՞կ է տնտեսական եւ  էներգետիկ առումներով իսկապես փոխարինել  Ռուսաստանին:

Հայաստանի քաղաքական իրավիճակի մասին, մեր հայրենակից փորձագետի գնահատմամբ, հաճախ դատում են չափազանց պարզեցված. իբր մի կողմում արեւմտամետ, ժողովրդավարամետ կառավարությունն է, իսկ մյուս կողմում՝ ռուսամետ ընդդիմությունը, որը մոտ է ինքնակալական   վարչակարգերին: Անշուշտ, ընդդիմությունը սերտ կապեր է պահպանում Ռուսաստանի հետ եւ վրացական մոդելը դիտարկում է որպես հնարավոր տարբերակներից մեկը: Սակայն այն հանդես չի գալիս Եվրոպայի հետ հարաբերություններն ամբողջովին խզելու օգտին:

Ինչ վերաբերում է կառավարությանը, նրանք, ըստ նույն գնահատման, բնավ էլ համոզված դեմոկրատներ չեն. Հայաստանում առկա են իրավական պետության սկզբունքներից նահանջի բացահայտ նշաններ: Փաստացի իրավիճակը լուրջ տագնապ է հարուցում, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո  Հայաստանը դեռ ձեռք չի բերել իրական քաղաքական կայունություն: Ե՛վ կառավարությունը, ե՛ւ ընդդիմությունը խաղարկում են այս արհեստական   աշխարհաքաղաքական բեւեռացումը, որն ամենեւին չի նպաստում կայունությանը: Սա հեռու է 2010-ականների իրավիճակից, երբ Հայաստանը վարում էր փոխլրացման քաղաքականություն՝ ձգտելով լավ հարաբերություններ պահպանել բոլորի՝ ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Եվրոպայի հետ:

Ինչո՞վ է արտահայտվում իրավական պետության սկզբունքներից վերը նշված նահանջը:
«Քանի որ Ռուսաստանն իրեն չի արդարացրել որպես Հայաստանի պաշտպան Ադրբեջանի դեմ, Նիկոլ Փաշինյանը վարում է երկակի քաղաքականություն. մի կողմից՝ հստակ շրջադարձ դեպի Արեւմուտք, մյուս կողմից՝ նահանջ իրավական պետության սկզբունքներից,- նշում է քաղաքագետը:- Հաճախանում են ընդդիմադիր գործիչների կամայական ձերբակալությունները, ընկնում է վստահությունը  դատարանների անկախության նկատմամբ: Այս ամենն ուղեկցվում է  ինքնիշխանության ընդգծված հռետորաբանությամբ եւ հակառուսական տրամադրություններով: Մոսկվայի հետ կապեր ունեցող օլիգարխները դառնում են իսկական «վհուկների որսի» զոհեր: Ռոբերտ Քոչարյանը՝ հանրապետության նախկին նախագահը, որը ռուսամետ հայացքներ ունի եւ Նիկոլ Փաշինյանին ընդդիմախոս է, կրկին ձերբակալվեց: Կառավարությունը մտադիր է ազգայնացնել  էլեկտրաէներգետիկան եւ երկաթուղիները… Մի խոսքով, ամեն ինչ արվում է Հայաստանում ռուսական շահերին վնասելու եւ Մոսկվային զայրացնելու համար»:

Ի՞նչ իմաստ ունի նման ընդգծված ինքնիշխանության քաղաքականությունը, եթե Ռուսաստանից տնտեսական կախվածությունն այդքան մեծ է: Դա խաբեություն է, պատասխանում է Եկավյանը: Սեպտեմբերի 21-ին Հայաստանը կնշի անկախության տարեդարձը: Այդ առիթով Նիկոլ Փաշինյանը մտադիր է փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ՝ դրանում ամրագրելով ինքնիշխանության եւ անկախության հասկացությունները: Ընդդիմությունը նրան մեղադրում է Ադրբեջանին զիջելու մեջ: Բաքուն եւս մղում է սահմանադրական բարեփոխումների՝ որ Երեւանը պաշտոնապես հրաժարվի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություններից եւ  ցեղասպանության ճանաչման պահանջից: Ինքնիշխանության քողի տակ  թաքնված է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը: Նման մոտեցումը, ինչպես նշվում է, ծառայում է նաեւ եվրոպացիների շահերին,  որոնք կցանկանային հեռանկարում Կովկասի վերահսկողությունը փոխանցել Թուրքիային, Հայաստանը վերածելով բուֆերային պետության:

Երբ Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա,- վերջին հարցն է ձեւակերպում թերթի թղթակիցը,- ո՛չ Մոսկվան, ո՛չ էլ եվրոպական երկրները չարձագանքեցին: Պատերազմից հետո Հայաստանը կասեցրեց իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի պաշտպանական կազմակերպությանը (ՀԱՊԿ), որտեղ Ռուսաստանն առաջատար դեր է խաղում: Կարո՞ղ է արդյոք Հայաստանը յոլա գնալ առանց պաշտպանի:

Հայաստանը, ավելացնում է փորձագետը, նաեւ ռազմական առումով սադրել է Ռուսաստանին: Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ այցելեց Երեւան այս տարվա մայիսին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար եւ այդ ժամանակ գովաբանեց Հայաստանի կառավարության դիրքորոշումը Մոսկվայի նկատմամբ: Բայց ո՛չ, պատասխանում է Եկավյանը, Հայաստանը չի կարող առանց պաշտպանի: Նրա բանակը լուրջ խնդիրներ ունի եւ չունի արդիական պաշտպանական հայեցակարգ (դոկտրին): Այսպիսով առաջանում է երկընտրանք. կա՛մ անվտանգություն, կա՛մ ինքնիշխանություն: Հայաստանի համար ե՛ւ մեկը ե՛ւ մյուսը համատեղելն անհնար է: Հայաստանի կառավարությունը ցանկանում է հավատալ, որ Թուրքիան կարող է ստանձնել պաշտպանի դերը: Սակայն Թուրքիան տնտեսապես մեծ կախվածություն ունի Բաքվից: Ընդ որում Ադրբեջանը բնավ չի ձգտում «հաղթողների խաղաղության», այլ ցանկանում է Հայաստանին զրկել  կենսունակությունից: «Սալյամի կտրատելու» ռազմավարությամբ (նպատակին հասնել փոքր, աննկատելի քայլերով – Գ. Մ.) Ադրբեջանն աստիճանաբար, քայլ առ քայլ թուլացնում եւ մասնատում է Հայաստանը, կրծոտելով տարածքի եւ ազդեցության փոքր կտորներ:

«Եվ այստեղ մենք կրկին վերադառնում ենք Հայաստանի աշխարհագրական մեկուսացմանը, որը երկիրը խոցելի է դարձնում նման մարտավարության հանդեպ»,-ի ցավ մեզ՝ եզրակացնում է քաղաքագետը:                                                                                  

Պատրաստեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ

Leave a Comment