ԵՐԵՎԱՆ-ՄԱՐՍԵԼ – Ֆրանսիացի երգչախմբավար Ռոլան Հայրապետյանը (ծնված 1953-ին, Մարսելում) ժամանակակից վոկալ երաժշտության նվիրյալ է: 1978-ին հիմնադրել է «Կյոր կոնտեմպորենը» («Ժամանակակից երգչախումբ»), 1987-ին՝ «Մուզիկատրեզ» վոկալ համույթը, որը շարունակում է ղեկավարել որպես գեղարվեստական ղեկավար: Իր կարիերայի ընթացքում ղեկավարել է առաջատար նվագախմբեր ու երգչախմբեր Ֆրանսիայում եւ արտերկրում, այդ թվում՝ Ռադիո Ֆրանսիայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Լոթարինգիայի ազգային նվագախումբը, Իռլանդիայի ազգային երգչախումբը եւ Նիդեռլանդների Կամերային երգչախումբը: Իր գործունեությունը մեծ մասամբ Հայրապետյանը նվիրել է ապրող կոմպոզիտորների երաժշտության տարածմանը՝ սերտորեն համագործակցել Մորիս Օհանայի, Էդիթ Կանա դը Շիզիի, Զադ Մուլտակայի, Օսքար Ստրասնոյի, Ֆիլիպ Շոլերի եւ Ալեքսանդրոս Մարկեասի հետ: Մորիս Օհանայի վոկալ երաժշտության առաջատար մեկնաբաններից մեկն է, ձայնագրել է կոմպոզիտորի գրեթե ողջ վոկալ ստեղծագործությունը: Համագործակցել է նաեւ բազմաթիվ բեմադրիչների եւ պարուսույցների հետ: 1984 թվականից Հայրապետյանը խմբավարություն է դասավանդել Մարսելում եւ Էքս-ան-Պրովանսում: Նրա լայնածավալ սկավառակագրությունը ներառում է ավելի քան երեսուն ձայնագրություն, որոնցից շատերը արժանացել են հեղինակավոր միջազգային մրցանակների:
–Սիրելի՛ Ռոլան, դուք կատարել եք ժամանակակից բազմաթիվ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ի՞նչ որակներ եք փնտրում ժամանակակից ստեղծագործության մեջ՝ նախքան այն կատարել որոշելը:
-Ինձ համար կարեւոր է կոմպոզիտորի հետ հանդիպելը: Ես պետք է գնահատեմ, թե արդյո՞ք նրանց ստեղծագործելու մղող ուժը բխում է իրական անհրաժեշտությունից: Ես միշտ փնտրել եմ հզոր ստեղծագործություններ, որոնք ղեկավարելն ինձ կտա ինքս ինձ վերափոխելու կամ մի նոր վայր տեղափոխելու զգացողություն: Հետեւաբար, երաժշտության «հետեւում» կանգնած անձի հետ հանդիպելը կարեւոր է, քանի որ երբ ստեղծագործությունը պատվիրվում է, չկա այլընտրանք, քան այն կատարելը եւ էներգիայով եւ անկեղծությամբ պաշտպանելը:
–Որպես «Մուզիկատրեզի» հիմնադիր՝ դուք գրեթե չորս տասնամյակ ընդլայնել եք վոկալ համույթների երգացանկը: Ինչպե՞ս եք տեսնում ժամանակակից երգչախմբային երաժշտության ապագան թվային մեդիայի գերիշխող դարաշրջանում:
-Ես, իհարկե, սկսեցի ձեռագիր ստեղծագործություններից: Դրանք երբեմն շատ դժվար էր վերծանել: Երբեմն լինում էին նաեւ շատ բարդ ստեղծագործություններ, բայց ինձ համար ակնհայտ էր, որ կոմպոզիտորը «լսել» է դրանք: Կոմպոզիտորի ականջը «երեւում» է նրա ստեղծագործության մեջ: Այսօր թվային միջոցները, պատճենահանումը եւ տեղադրումը, կամ այն, ինչ մեզ թույլ է տալիս համացանցով հավաքել, ստեղծագործությունն ավելի փխրուն են դարձնում: Ահա թե ինչու, իմ կարծիքով, կոմպոզիտորը միշտ պետք է կասկածի տակ դնի իր ստեղծագործելու անհրաժեշտությունը…
–Ի՞նչ եք կարծում, ձեր հայկական ժառանգությունը որեւէ կերպ ազդե՞լ է ձեր գեղարվեստական ինքնության կամ երաժշտական ընտրությունների վրա:
-Ես վստահ եմ, որ իմ հայկական ժառանգությունն ազդել է իմ գեղարվեստական ինքնության վրա: Ես, անկասկած, պարտական եմ հորս. նա արհեստավարժ երաժիշտ չէր, բայց երբ երգում էր, խորապես հուզում էր ինձ: Համոզված եմ, որ իմ երաժշտական զգայունությունը բխում է իմ հայ ծագումից:
–Ի՞նչ է Հայրապետյան ընտանիքի պատմությունը:
-Այն, անկասկած (եւ, ցավոք սրտի), սովորական մի պատմություն է: Իմ հայրական կողմի տատիկն ու պապիկը նավով ժամանել են Մարսել՝ Հայոց ցեղասպանության ժամանակ: Նրանք իրենց հետ բերել են իրենց երկու կրտսեր երեխաներին, այդ թվում՝ հորս, ծնված Թուրքիայի Զոնգուլդակ քաղաքում: Պապս Մարսելի հայկական եկեղեցու քահանաներից մեկն էր: Նա, հավանաբար, բաց մարդ էր, շատ լայնախոհ, որը թույլ տվեց իր զավակներին հնարավորինս լավ ներգրավվել ժամանակի ֆրանսիական հասարակությանը:
–Դուք աշխատել եք բազմաթիվ երկրների եւ մշակույթների պատկանող երաժիշտների հետ: Ինչպես գուցե հիշում եք, մենք առաջին անգամ հանդիպել ենք 2006-ին, Երեւանում, դուք աշխատում էիք «Հովեր» կամերային երգչախմբի հետ, որի անդամներից մեկն էի (հրաշալի՜ հիշողություններ): Այդ տարի մենք նաեւ ձեզ հետ համատեղ համերգ ունեցանք Մարսելում: Ի՞նչ առնչություններ ունեք հայ երաժշտության եւ երգահանների հետ:
-2006 թվականին Հայաստան կատարած իմ առաջին այցելության ժամանակ ես տպավորված էի «Հովեր» երգչախմբի որակով եւ օգնեցի կազմակերպել նրանց գալուստը Մարսել: Ես լսեցի ստեղծագործություններ, որոնք ինձ համար նոր էին եւ խորապես հուզիչ: Այդ պահից սկսած՝ ես կապի մեջ էի մի քանի հայ կոմպոզիտորների հետ, չնայած, ցավոք, այդ սկզբնական փորձերից ոչինչ չծնվեց: Այնուամենայնիվ, ես չհրաժարվեցի այդ մտքից: Հետագայում Ֆրանսիայում հանդիպեցի երգահան Միշել Պետրոսյանին, եւ սկսվեց երկարատեւ համագործակցություն:
–Իսկ ի՞նչ տպավորություն ստացաք անցած հուլիսի 12-ին Երեւանում կայացած ձեր համերգից, որի ընթացքում ղեկավարեցիք Միշել Պետրոսյանի՝ Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծագործությունը:
-Ես եւ «Մուզիկատրեզի» անդամները զարմացած էինք Բաբաջանյանի անվան համերգասրահի հնչական որակից: Բայց ես հատկապես գոհ էի հանդիսատեսի ուշադրությունից: Դրանից մի քանի օր առաջ Կապանում եւս հանդիսատեսը կարծես ուրախ էր նոր ստեղծագործություն հայտնաբերելու համար: Ինձ զարմացնում է, որ հայ հանդիսատեսը չի հոգնում: Ամեն դեպքում, Երեւանում, որտեղ գտնվում է Փարաջանովի թանգարանը, ինձ թվում էր, թե իսկական փոխանակում տեղի ունեցավ արտիստների եւ ունկնդիրների միջեւ:
–Ես շատ հաճելի հիշողություններ ունեմ՝ կապված ձեր կնոջ եւ երեխաների հետ, երբ գրեթե քսան տարի առաջ հյուրընկալվեցի Մարսելի ձեր տանը: Այդ ժամանակ ձեր որդին՝ Հովիվը, դեռ երեխա էր, իսկ վերջերս իմացա, որ նա դարձել է նվագախմբի դիրիժոր: Ինչպե՞ս է զարգանում նրա կարիերան, եւ արդյո՞ք նա նույնպես հետաքրքրված է հայ երաժշտությամբ:
-Հովիվի կարիերան կայուն եւ լուրջ է զարգանում: Ուրախ եմ, որ ժամանակ է հատկացնում եւ խորանում իր արվեստի մեջ: Նա դարձել է շատ լավ դիրիժոր, եւ կարծում եմ, որ հետաքրքրված է Հայաստանով, քանի որ անհրաժեշտ կապեր է հաստատել՝ Երեւան գալու եւ երաժշտություն ստեղծելու համար: Իմ դուստրը՝ Հուրին, որը գրում եւ կատարում է իր սեփական երգերը, նույնպես փորձել է կապ հաստատել հայ փոփ երաժիշտների հետ: Սրանք ցույց են տալիս, թե որքան են նրանք հետաքրքրված Հայաստանով:
–Մոտ ապագայում ունե՞ք հայ երաժշտության հետ կապված որեւէ նախագիծ:
-Ցավոք, առայժմ հայկական երաժշտության հետ կապված նախագծեր չկան, բայց դա չի ուշանա:
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ