Ոչ ֆորմալ կրթական ծրագրերի շրջանակում մատուցվող ուսուցման ծառայությունների համար առաջարկվում է սահմանել ԱԱՀ-ից ազատման հստակ պայմաններ․ արտոնությունը կգործի այն դեպքում, երբ դասընթացը մատուցվի ազգային ռեեստրում գրանցված կազմակերպության կամ ԱՁ-ի կողմից և իրականացվի երաշխավորված կրթական ծրագրով։ Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրաին քննարկման դրված նախագիծը։
Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Նախագծի նպատակը ՀՀ ազգային ժողովի կողմից 2026 թվականի մայիսի 6-ին ընդունված` «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-234-Ն օրենքով ՀՀ հարկային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) կատարված որոշ փոփոխությունների կիրարկումն ապահովելն է:
Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
Վերոնշյալ օրենքով փոփոխություններ և լրացումներ են կատարվել Օրենսգրքում և սահմանվել է, որ ԱԱՀ-ից ազատվում է Կառավարության սահմանած կարգով իրականացվող ոչ ֆորմալ կրթական ծրագրերի շրջանակներում ուսուցման ծառայությունների մատուցումը:
Խնդիրն այն է, որ Կառավարության որոշմամբ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի շրջանակներում ուսուցման ծառայությունների մատուցման կարգ սահմանված չէ։
Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Նախագծով առաջարկվում է սահմանել ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրականացման կարգը, որոնց շրջանակներում մատուցվող ուսուցման ծառայություններն ազատվում են ավելացված արժեքի հարկից։ Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի շրջանակներում ուսուցման ծառայությունների մատուցումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, եթե միաժամանակ պահպանված են ստորև նշված պայմանները.
1) ուսուցման ծառայությունը մատուցվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով ուսուցման ազգային ռեեստրում գրանցված կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից,
2) ուսուցման ծառայությունը մատուցվում է մինչև ուսուցման ծառայության մեկնարկը կրթության պետական կառավարման լիազոր մարմնի երաշխավորած կրթական մոդուլային ծրագրի շրջանակում, որը հրապարակված է ուսուցման ազգային ռեեստրում,
3) ուսուցման ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը յուրաքանչյուր ունկնդրի հետ կնքել է պայմանագիր, որում առնվազն սահմանվում է կամ որին որպես անբաժանելի մաս կցվում է՝
ա) դասընթացի ծրագիրը.
բ) ունկնդրի համար դասընթացի իրականացման տևողությունը, ժամկետը և ժամանակացույցը:
Կարգավորման առարկան.
Նախագծի կարգավորման առարկան ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրականացման կարգն է:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել ավելացված արժեքի հարկից ազատման նպատակով ոչ ֆորմալ կրթական ծրագրերի շրջանակներում մատուցվող ուսուցման ծառայությունների իրականացման հետ կապված հարաբերությունները:
Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2-րդ՝ «Տնտեսություն» և 4․3-րդ Կրթություն մասերով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որոնց՝
- տնտեսական աճի ներառականության առանցք են լինելու բնակչության շարժունակության և տեղեկացվածության բարձր մակարդակի ապահովումը, ստեղծարար կարողությունների զարգացումն ու իրացումը՝ կրթության, առողջապահության և տնտեսական ենթակառուցվածքների հնարավորինս հավասար հասանելիության միջոցով,
- Կրթության բոլոր մակարդակների համար առանցքային են լինելու ներառական կրթական միջավայրի ստեղծումը, կրթության բովանդակության և կրթական ծրագրերի արդիականացումը, անհրաժեշտ ենթակառուցվածքների արդիականացումն ու վերազինումը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառումը ուսուցման և կառավարման համակարգերում, «կրթություն-գիտություն-աշխատաշուկա» կապի ամրապնդումը: Խրախուսվելու է նաև կրթությունն ամբողջ կյանքի ընթացքում: