Միգրացիոն ճգնաժամի ֆոնին Սեուտայում տեղակայված իսպանացի զինծառայողների շրջանում քոսի բռնկում է արձանագրվել, հիվանդությունը հաստատվել է 14 զինվորի մոտ. այս մասին հայտնում է «Vanguardia» թերթը:
«Սեուտայում տեղակայված առնվազն 14 զինծառայողի մոտ քոսի բռնկում է հայտնաբերվել: Զորքերը տեղավորված են եղել այնպիսի շինություններում, որոնք սովորաբար չեն օգտագործվում և զուրկ են անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պայմաններից»,-նշվում է հոդվածում:
Հղում կատարելով EFE գործակալությանը՝ պարբերականը նշում է, որ Իսպանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե զինծառայողների շրջանում քոսի բռնկումն ուղղակիորեն կապված չէ միգրացիոն ճգնաժամի հետ։
«Espanol» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Սեուտայում միգրանտների շրջանում արագորեն տարածվում է քոսը, և առկա է այլ հիվանդությունների՝ այդ թվում՝ սալմոնելոզի, տուբերկուլյոզի, կարմրուկի և խոլերայի բռնկումների մեծ վտանգ։